Google կորպորացիան երեքշաբթի ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից տվյալների ստացման մասին հարցումները հրապարակելու թույլտվության միջնորդություն է ներկայացրել ամերիկյան դատարան: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Google-ը ձգտում է ձեռք բերել թույլտվություն՝ հրապարակելու դատարանի կայացրած որոշումների արդյունքում տուժած օգտատերերի թվի մասին վիճակագրությունը:
Ավելի վաղ Google-ն Ազգային անվտանգության գործակալության փաստաթղթերում հիշատակվել է որպես օգտատերերի մասին գաղտնի տեղեկությունների մատակարարներից մեկը՝ ի շահ հատուկ ծառայությունների:
Կորպորացիան այդ հայտարարություններն անվանել էր իրականությանը չհամապատասխանող: Google-ի իրավական հարցերով դեպարտամենտի ղեկավար Դևիդ Դրամոնդն անցած շաբաթ պաշտոնական նամակներ էր ուղարկել արդարադատության նախարար Էրիկ Հոլդերին և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ռոբերտ Մյուլլերին՝ երկրի համապատասխան մարմինների կողմից իր հասցեին ստացված հարցումների մասին ավելի լիարժեք տեղեկատվության հրապարակման թույլտվության խնդրանքով:










































