Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Բեն Հոջեսը Ադրբեջան կատարած այցի արդյունքներով մայիսի 26-ին ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:
Հոջեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ադրբեջանը տևական ժամանակ համագործակցում են ռազմական ոլորտում. «Մեր զինվորները ուս ուսի տված ծառայում են Աֆղանստանում: Դրա համար էլ ես ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել Ադրբեջանին»:
Հոջեսը կարծիք է հայտնել, որ կան ոլորտներ, որոնցում համագործակցությունը կարող է կատարելագործվել. «Ամռանը մենք ծրագրում ենք զորավարժություններ անցկացնել Ռումինիայում, և ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն դրանց: Մենք Ադրբեջանի ռազմական ղեկավարության հետ քննարկել ենք համագործակցության հեռանկարները:
Այս տարի Վրաստանում անցկացվելցին Noble Partner զորավարժությունները: Մենք քննարկել ենք հաջորդ տարի այդ զորավարժություններին ադրբեջանցի զինվորականների մասնակցության հնարավորությունը»:
Հոջեսը նաև ցանկություն է հայտնել, որ ամերիկացի զինվորականները ժամանեն Ադրբեջան, այնտեղ մասնակցեն զորավարժությունների և ուսումնասիրեն այդ տարածաշրջանը:










































