Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել է ամերիկացի զինծառայողներին:
«Որպես Թուրքիայի դաշնակից ներկայացող և ահաբեկչության դեմ պայքարի պատրաստակամություն հայտնող երկրի՝ (ԱՄՆ) զինծառայողները չեն կարող օգտագործել ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշով հանդերձանք: Դա անընդունելի է: Նրանց (ԱՄՆ) խորհուրդ ենք տալիս ուղարկել Սիրիայի մյուս շրջաններ՝ կրելով ԴԱԻՇ-ի, «Ջաբհաթ ալ-Նուսրայի» տարբերանշանները, իսկ Աֆրիկայում օգտագործել «Բոկո Հարամ» խմբավորման տարբերանշանը»,- ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկը հրաժարվել է մեկնաբանել ամերիկացի զինծառայողների լուսանկարները, որոնց հանդերձանքի վրա եղել են Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) տարբերանշանները: Փոխարենը Կուկը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները նախկինում էլ օգտագործել են դաշնակիցների խորհրդանիշները:









































