ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հիրոսիմա այցի ժամանակ աշխարհին կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Օբաման ելույթ է ունեցել Հիրոսիմայի Խաղաղության պուրակում:
«Այդ առավոտյան՝ գրեթե 71 տարի առաջ, երբ երկնքից եկավ մահն ինքը, աշխարհն ընդմիշտ փոխվեց»,- հայտարարել է Օբաման՝ նշելով, որ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծումները Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժան ավարտն էին:
«Այդ պատերազմի զոհեր դարձան միանգամայն անմեղ մարդիկ: Նրանց հոգիները մշտապես խոսում են մեզ հետ և հիշեցնում այն մասին, թե ովքեր ենք մենք, և այն մասին, թե ինչպիսին պետք է դառնանք»,- ասել է Օբաման:
Նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը՝ «որպես միջուկային զենք ունեցող պետություն, պարտավոր է ունենալ այնպիսի աշխարհ ստեղծելու համարձակություն, որտեղ նման զենքն անհրաժեշտ չի լինի»: «Գուցե այդ նպատակը ձեռք չբերվի իմ կենդանության օրոք, սակայն դա չի նշանակում, թե մենք չպետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- նշել է նա:
Օբամայի խոսքով՝ «մարդկային քաղաքակրթության» պատմությունը «լի է պատերազմներով», ուստի ամբողջ մարդկությունը պետք է արմատապես փոխի իր վերաբերմունքը պատերազմներ մղելու բուն հարցի նկատմամբ և ամեն ինչ անի դրանցից խուսափելու համար»: «Դրա համար անհրաժեշտ են բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների ջանքերը»,- ընդգծել է նա։







































