ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով առաջին պաշտոնական այցն է կատարում Բեռլին, այսօր հանդիպումներ կանցկացնի Գերմանիայի ղեկավարության հետ և ելույթով հանդես կգա Բրանդենբուրգյան դարպասների մոտ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Օբաման երեկ երեկոյան Հյուսիսային Իռլանդիայից ուղևորվել է Բեռլին: Հիշեցնենք, որ Հյուսիսային Իռլանդիայում նա մասնակցել է «Մեծ ութնյակի» գագաթնաժողովին: Բեռլին կատարած այցի շրջանակում բոլոր պաշտոնական միջոցառումները ծրագրված են այսօր: Սկզբում Բելվիյու պալատի իր նստավայրում Օբամային կընդունի Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը: Այնուհետև ամերիկացի առաջնորդը կուղևորվի դաշնային կանցլերի գերատեսչություն, որտեղ բանակցություններ կանցկացնի Անգելա Մերկելի հետ:
Ինչպես հայտնել է Գերմանիայի կառավարության մամլո քարտուղար Շտեֆան Զայբերտը, հանդիպմանը կքննարկվեն իրադարձությունները Սիրիայում և Աֆղանստանում, իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը:
Օբաման կհանդիպի նաև կանցլերի պաշտոնի համար պայքարում Մերկելի մրցակից Պեեր Շտայնբրյուկի հետ:
Այցի ծրագրի գլխավոր կետը կդառնա ամերիկացի առաջնորդի ելույթը Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ Փարիզի հրապարակում: Օբաման ցանկացել է այնտեղ ելույթով հանդես գալ դեռևս 5 տարի առաջ, երբ Բեռլին էր ժամանել որպես նախագահի թեկնածու: Այն ժամանակ Մերկելը մերժել էր նրա խնդրանքը՝ նշելով, որ նա դեռևս ԱՄՆ նախագահ չէ, իսկ նախընտրական արշավում ազգային խորհրդանիշի կիրառումը համապատասխան չէ:










































