ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ, դոցենտ, իրանագետ Գոհար Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Իրանում նախագահի ընտրություններին և դրանից բխող փոփոխություններին: Ըստ բանախոսի՝ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռուհանին նոր փոփոխություններ կմտցնի երկրում: Նա հատկապես կտրուկ քայլեր կներառի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:
«Ռուհանին շատ բնական նախապայման է դնելու ԱՄՆ-ի առաջ, որպեսի այդ երկիրը չխառնվի Իրանի գործերին և որևէ արգելք չդնի «Խաղաղ ատոմ» ծրագրի շրջանակներում»:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա բանախոսի հավաստմամբ՝ եթե էլ ավելի չբարելավվեն Հայաստանի հետ հարաբերությունները, հաստատ դեպի վատը չեն գնա. «Հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, Հայաստանում արդեն համագործակցության շրջանակներում մյուս տարվանից կկառուցվի Մեղրիի ՀԷԿ-ը: Իրանի դեմ այսօր սահմանված են պատժամիջոցներ, այդ պատճառով շատ գումարներ չի կարողանում ծախսել, բայց մյուս տարվանից անպայման կիրականացնի ծրագիրը»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նկատմամբ արած կոշտ հայտարարություններին, ապա, ըստ բանախոսի` դա չի նշանակում հարաբերությունների վատացում. «Իրանը ավելի շատ զգուշացնող ուղերձ է հղում այս երկրին, որպեսզի հավակնություններ չունենա Իրանի տարածքում ապրող թուրքերի բնակության տարածքների հարցում»:
Ինչպես փաստեց մասնագետը, Ռուհանին ունի արևմտամետ դիրքորոշում, ինչը Ռուսաստանին այնքան էլ դուր չի գալիս, քանի որ այսուհետ միջնորդության կարիք չի զգացվի:







































