Գազի սակագնի բարձրացման գործում քաղաքական բաղադրիչն ավելի բարձր է։ Ինչքան ուզում ենք տնտեսական հաշվարկ անել և ապացույցներ ներկայացնել, միևնույն է՝ քաղաքական բաղադրիչն ավելի բարձր է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Կանխենք գազի սակագնի բարձրացումը» նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանը:
Նա նշեց, որ կան հարցեր, որոնք հանրությանը ներկայացված չեն. գազը թանկացել է, ընկերությունը բերում է փաստաթղթեր, որտեղ բարձր արժեք է ներկայացված, և ուրիշ ոչ մի բացատրույթուն. «Այս խնդիրը պետք է լուծի հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովը, որից մենք թափանցիկ գործունեություն ենք ակնկալում: Վարչապետը գրություն է տվել, որ սակագինը հաշվելիս՝ հաշի առեք, որ գինը 189 դոլար է։ Դեռ բանակցությունները «Գազպրոմի» հետ շարունակվում են, նա արդեն հայտարարություն է անում, էլ ի՞նչ ասեմ»:
Բանախոսը հավելեց, որ քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է դատական վիճարկման ներկայացնել այն գազի սակագնի բարձրացման գործընթացը, որը իրենց կարծիքով՝ կատարվել է որոշակի խախտումներով. «Այդ խախտումները հիմք են հանդիսանում, որ դատական վիճարկումը տեղի ունենա»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ դատարանից մեծ ակնկալիքներ չունեն:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղաքացիական ակտիվիստ, նախաձեռնության անդամ Անի Կաղինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու են իրենց բողոքի ակցիաներն այդքան սակավամարդ, ասաց. «Ամեն անգամ ընտրություններից հետո ընդդիմությունը խաբում է ժողովրդին, այդ պատճառով հանրությունը գտնվում է շոկային վիճակում, և նրան դուրս հանել տնից բավականին դժվար է: Երբ արդեն գազի և էլէկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, ամեն քաղաքացի իր գրպանից կվճարի բարձր սակագին, արդեն դուրս կգան տներից՝ վստահ եմ»:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ գազի սակագնի բարձրացման մեջ իշխանություններին մեղադրող ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն միանում իրենց պայքարին, Ա. Կաղինյանը պատասդխանեց. «Մեզ իր աջակցությունն է հայտնել Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը խոստացել էր, որ կօգնի։ Մենք հանրային քննարկմանը բոլորին հրավիրել էինք, «Ժառանգությանն» էինք դիմել, որ գան, բայց չեկան: Հանրապետականից ներկա էր Մկրտիչ Մինասյանը, որն էլ անհարմար վիճակի մեջ հայտնվեց, որովհետև հավաքված մարդիկ, իրենց բուռն արձագանքն ու դժգոհությունն էին արտահայտում: Իրենք են պարտավոր, իրենք ունեն լծակներ, սա իրենց գործն է, ոչ թե՝ հանրության»:







































