Վերահսկիչ պալատը, որպես վերահսկիչ գործիք, խիստ անհրաժեշտություն է մեզանում, բայց այն ոչ մի պարագայում չի կարող փոխարինել դատախազությանը կամ ոստիկանությանը: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ Վերահսկիչ պալատի հայտնաբերած խնդիրները չլուծելը չարորակ ուռուցքի պես կարող է քայքայել պետականությունը:
Նախարարի խոսքերով, ՎՊ-ն պետք է զերծ մնա երևույթներին գնահատականներ տալուց: «Մնացածն իր գործը չէ: Գնահատականներ հնչեցնելով՝ այդ կառույցը թուլանում է: Իսկ թույլ, խոցելի Վերահսկիչ պալատ ինձ և մեզնից ոչ ոքին պետք չէ»,- նկատեց Թովմասյանը:
Կառավարության ներկայացուցիչը շեշտեց, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, և առկա խնդիրները պետք է լուծվեն համատեղ ջանքերով:








































