ԱՄՆ-ում ամենահարուստ և ամենաաղքատ ամերիկացիների միջև եկամուտների տարբերությունն աճել է երեք տասնյակ տարի և այժմ համեմատելի է Մեծն Գեթսբիի ժամանակների հետ, երբ ծնողների կարողությունը զգալի դեր է խաղացել ապագայում երեխաների գումար վաստակելու մեջ՝ պնդում է ԱՄՆ նախագահին կից տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Ալան Կրյուգերը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով փորձագետներին, եկամուտների նման շերտավորումը վերջին անգամ ավարտվել է Մեծ դեպրեսիայով:
Նշվում է, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո՝ մինչև 1970-ական թթ. վերջը, ԱՄՆ-ի բնակչության բոլոր խավերի եկամուտները հավասարաչափ են աճել:
Կրյուգերն ընդգծել է, որ 1980-ական թթ. սկզբից ամենաունևոր ընտանիքները սկսեցին ավելի արագ հարստանալ, իսկ ամենաաղքատները սկսեցին ավելի աղքատ դառնալ, բացառություն է կազմել 1992-2000թթ. միջև ընկած ժամանակահատվածը:
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի քաղաքականությունը և տնտեսական աճի բարձր տեմպերը հանգեցրին նրան, որ ԱՄՆ-ի բոլոր բնակիչները մեծացրին իրենց եկամուտները: Դրա հետ մեկտեղ 1990-ական թթ. հարկերի բարձրացումը բացասաբար չազդեց ամերիկացիների բարեկեցության աճի վրա:
2000-ական թթ. տեղի ունեցավ միջին դասի եկամուտների նվազում:










































