Հոնկոնգ-Նյուարք չվերթի ուղևորը սկանդալ է սարքել՝ բղավելով ԿՀՎ-ի ու Սնոուդենի մասին: Ինչպես հաղորդել են ամերիկյան ավիաընկերությունից, տղամարդը մինչև ձերբակալվելը խոսել է ԿՀՎ-ի, ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության, ինֆորմատոր Էդվարդ Սնոուդենի մասին ու պահանջել է ինքնաթիռը վարել Կանադայի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով ականատեսներին:
United Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավի ուղևորների հանգստությունը խաթարվել է վայրէջքից մի քանի ժամ առաջ:
Ընդ որում՝ իր անունը չհայտնած տղամարդը հիշատակել է Սնոուդենի մասին, որը մամուլին է տրամադրել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Verizon խոշորագույն բջջային օպերատորի բաժանորդների զանգերի լրտեսման մասին տեղեկությունը:
Երբ անհավասարակշիռ տղամարդը փորձելէ գրպանից հանել ինչ-որ իր, ուշադիր ուղևորների մի խումբ արձագանքել ու վնասազերծել է տղամարդուն: Ընդ որում՝ տղամարդն այդ ժամանակ բղավել է, որ իրեն ուզում են սպանել:
Օդանավի անձնակազմի անդամները տղամարդուն հագցրել են պլաստիկե ձեռնաշղթաներ, իսկ ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել օդանավակայանում:
Ոստիկանության ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ փորձագետները ստուգում են նրա մեղսունակությունը:









































