ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը հայրենի Մխչյան գյուղից պետական աջակցության ծրագրի շրջանակներում անցած աշնանը ձեռք է բերել 35.000 լիտր կամ 35 տոննա դիզվառելիք:
Հիշեցնենք, որ Հենրիկ Աբրահամյանը` հայտնի Ջոնիկ Աբրահամյանը, նախկին գումարման Ազգային ժողովում պատգամավոր է եղել: Նա պատգամավոր էր դարձել մեծամասնական ընտրակարգով թիվ 17 ընտրատարածքից, որն ընդգրկում է Արարատի մարզի որոշ համայնքներ, այդ թվում` Մխչյան գյուղը: 2008թ. հունիսին նա հրաժարական տվեց, որ փոխարենը պատգամավոր դառնա Հովիկ Աբրահամյանը և այդպիսով հնարավորություն ունենա դառնալ ԱԺ նախագահ:
Նույն ծրագրից օգտվել է նաև Հենրիկ Աբրահամյանի որդին՝ Հովհաննես Աբրահամյանը, ով իր հերթին Մխչյան գյուղի ցուցակով ձեռք է բերել 12.900 լիտր կամ 12,9 տոննա դիզվառելիք: Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց նաև Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց անապահով գյուղացիներին մատչելի գնով դիզվառելիք հատկացնել: Կառավարության հատկացրած 1 լիտր դիզվառելիքն արժի 350 դրամ, շուկայական արժեքը մոտ 450 դրամ է: 100 դրամ տարբերությունը վճարվում է ՀՀ բյուջեից: Այսինքն` Հենրիկ և Հովհաննես Աբրահամյանները անցած աշնանը ձեռք են բերել մոտ 48 հազար լիտր դիզվառելիք, որի դիմաց պետությունը նրանց համար փոխհատուցել է մոտ 4 մլն 800 հազար դրամ: Փաստորեն, ԱԺ գործող նախագահի նախկին պատգամավոր եղբայրն այսօր բավականին անապահով վիճակում է հայտնվել, որ օգտվում է կառավարության սոցիալական ծրագրերից:
Ի դեպ, այս դիզվառելիքը անցած աշնանն են ձեռք բերել: Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս գարնանը նույնպես Աբրահամյանները մեծ քանակությամբ մատչելի դիզվառելիք են գնել, բայց չհիշեց, թե որքան: Այսինքն` Աբրահամյանների ընտանիքը մոտ այդքան փոխհատուցում էլ այս գարնանն է ստացել: Հավանաբար պետական միջոցների հաշվին նման ահռելի փոխհատուցում կստանան նաև հաջորդ աշնանն ու գարնանը: Ստացվում է, որ Աբրահամյանների ընտանիքը բավականին անապահով է, եթե օգտվում է կառավարության ներկայացրած մատչելի ծրագրից, բայց այնքան ապահով է, որ սեզոնին միանգամից 48 տոննա դիզվառելիք է գնում: Ի դեպ, մեր ձեռքի տակ է հայտնվել փաստաթղթերի մի տրցակ, որտեղ նշված են մի շարք համայնքներում բաշխված դիզվառելիքի չափերը: Օրինակ` Արարատի մարզի Մրգավան համայնքի 64 բնակիչներ միասին այդ նույն ընթացքում ձեռք են բերել 30.000 լիտր մատչելի դիզվառելիք: Այսինքն` ավելի քիչ, քան Հենրիկ Աբրահամյանն է միայնակ ձեռք բերել: Նույն մարզի Նարեկ համայնքի 89 շահառուները միասին ձեռք են բերել մոտ 20.000 լիտր դիզվառելիք: Եվ այդպես շարունակ: Ակնհայտ է, որ որևէ շահառու պետության հաշվին Աբրահամյանների չափ դիզվառելիք ձեռք չի բերել, և ամենաշատը նրանք են ձեռք բերել:
Ընդ որում` Մխչյանի ընդամենը 15 բնակիչ են այդ մատչելի դիզվառելիքից ձեռք բերել, որից 3-ը Աբրահամյանների ընտանիքից են: Մյուս 13 բնակիչներից յուրաքանչյուրը 500, 1000 կամ 2000 լիտր վառելիք է ձեռք բերել: Տպավորությունն այնպիսին է, որ Աբրահամյանների ընտանիքը ձեռք է բերել Մխչյանի համար նախատեսված դիզվառելիքի մեծ մասը և մյուսներին բաժին չի հասել: Մխչյանի գյուղապետը, սակայն, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ դիզվառելիքն անսահմանափակ քանակությամբ է տրվում՝ ով որքան պահանջ է ներկայացրել, տրվել է: Բայց դա այդպես չէ, քանի որ յուրաքանչյուր մարզի որոշակի քանակությամբ է դիզվառելիք հատկացվում: Ու քանի որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը Աբրահամյանների ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ ունի, նրանց լավություն է արել ու ընդգրկել է անապահովների ցուցակում:
Խ. Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աբրահամյանները բավականին շատ հողատարածքներ ունեն ու հավանաբար այդ դիզվառելիքն էլ դրանց մշակման համար են ձեռք բերում: Փաստորեն, անապահով խավերի համար կառավարության հատկացրած սուբսիդիաներից հիմնականում մեծահարուստներն են օգտվում: Իսկ ահա, ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանն անցած շաբաթ լսելով չարաշահումների ու խախտումների մասին Վերահսկիչ պալատի զեկույցը` խիստ «վրդովվել» էր թալանչիների վրա: «Պարոն Զաքարյան, չե՞ք կարծում, որ հանրության մեջ տպավորություն կստեղծվի, որ եթե մենք այդ թերություններն ու յուրացումները հայտնաբերում ենք և ոչ մի պատիժ չենք կիրառում, ոնց որ` մենք էլ ենք մասնակից: Նույն բանը ես Ձեզ մի անգամ ասել եմ. եթե Դուք գալիս եք, այս ամբիոնից հնչեցնում եք այդ թերությունը, պետք է շարունակական գործընթացը լինի, պետք է մարդկանցից ազատվել, անփոխարինելի պաշտոնյա կա՞»,- ուրիշների թալանի վրա զարմացել էր նա:
Բայց չէ՞ որ հսկայական կարողության տեր մարդը եթե օգտվում է պետության սոցիալական ծրագրերից, այն էլ այսպիսի մեծ չափով, դա նույնպես թալան է: Սոցիալական ծրագրերի դեպքում յուրաքանչյուր շահառուին այսպիսի հսկայական ծավալի օգնություն չի տրվում, սա արդեն բիզնես կամ թալան է պետության հաշվին: Հիշեցնենք, որ մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել, թե որքան հարուստ են և ինչ կարողությունների տեր են Աբրահամյանները: Հրապարակում է եղել նաև, որ ԱԺ միջոցների հաշվին ինչպիսի շռայլություններ է իրեն թույլ տալիս Հովիկ Աբրահամյանը: Հրապարակումներ կային նաև, որ Հ. Աբրահամյանի մտերիմներն ու բարեկամները շռայլորեն օգտվում են ԱԺ-ին հատկացված բենզինից:











































