Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները «Մեծ ութնյակի» շրջանակում ունեցած բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ակտիվացնել սիրիական ճգնաժամի կարգավորմանը նվիրված բանակցությունները և կողմերին խրախուսել բանակցային սեղանի շուրջ նստել ժնևյան միջազգային համաժողովի շրջանակում:
«Որոշ կետերում մեր կարծիքները չեն համընկնում, սակայն մեզ միավորում է բռնությունը դադարեցնելու, Սիրիայում զոհերի թվի ավելացմանը վերջ դնելու, խաղաղ միջոցներով խնդիրը լուծելու ձգտումը, այդ թվում՝ Ժնևում կայանալիք բանակցությունների միջոցով: Մենք պայմանավորվել ենք առաջ մղել խաղաղ բանակցութունների գործընթացն ու կողմերին խրախուսել նստելու բանակցային սեղանի շուրջ և կազմակերպելու Ժնևում բանակցությունները»,- ասել է Պուտինը հանդիպման արդյունքներով:
G8-ի գագաթնաժողովի նախաշեմին ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր Սիրիայում քիմիական զենքի կիրառման նոր ապացույցների մասին: Մի շարք վերլուծաբաններ մտահոգություն էին հայտնել, որ դա կբարդացնի Պուտինի և Օբամայի բանակցությունները:
ԱՄՆ նախագահն իր հերթին հայտնել է, որ իր վարչակազմին կհանձնարարի միջոցառումներ ընդունել սիրիական իրադրության կարգավորման երկրորդ միջազգային համաժողովի նախապատրաստման համար:
Նախագահներն ակնկալում են, որ Իրանի նոր նախագահի ընտրության շնորհիվ կվերսկսվեն իրանական միջուկային խնդրի շուրջ բանակցությունները:
Պուտինն ու Օբաման մտադիր են նաև ուժեղացնել համագործակցությունը՝ Հյուսիսային Կորեայում իրադրությունը կարգավորելու նպատակով:











































