WikiLeaks նախագծի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստ է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն անցկացնել մինչև հինգ տարի: Ինչպես հաղորդում է BBC News-ը, այս մասին հայտարարել է Էկվադորի արտգործնախարար Ռիկորդո Պատինոն՝ բրիտանացի իր գործընկերոջ՝ Ուիլյամ Հեյգի հետ հանդիպման ժամանակ:
Էկվադորի ներկայացուցիչը նշել է, որ իր երկիրը կշարունակի ապաստան տրամադրել Ասանժին, ով Շվեդիայի իշխանություններից թաքնվում է Էկվադորի դեսպանատան տարածքում: Պատինոն և Հեյգը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ՝ Ասանժի ապագայի հարցը լուծելու համար, սակայն որևէ հստակ քայլերի մասին այս ոլորտում չի հաղորդվում: Պատինոն նշել է, որ նա բրիտանական կողմին փոխանցել է փաստաթղթեր, որոնք հիմնավորում են Ասանժին ապաստան տրամադրելը:
Նշենք, որ Ասանժը Էկվադորի դեսպանատանն է բնակվում 2012 թ. հունիսի 19-ից. նա ապաստան է խնդրել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի դատարանը թույլատրել է Ասանժին արտահանձնել Շվեդիա, որտեղ նրան կասկածում են սեռական բռնության մեջ: Ասանժը կարծում է, որ իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, և մտավախություն ունի, որ Շվեդիան կարտահանձնի իրեն ԱՄՆ-ին, որտեղ նրա դեմ կներկայացվի գաղտնի տեղեկատվությունը հրապարակելու մեղադրանք:









































