ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը դեմ է հանդես եկել Սիրիայի ներքին գործերին «Հըզբոլլահ»-ի միջամտությանը, հաղորդում է Reuters-ը:
«Մենք «Հըզբոլլահ»-ի ղեկավարությանը կոչ ենք անում զորքերը դուրս բերել Սիրիայից և իրենց զենքն ուղղել սիոնական թշնամու դեմ»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մազրուկը, ով բնակվում է Կահիրեում:
«Սիոնական թշնամի» ասելով մերձավորարևելյան տարբեր խմբավորումները սովորաբար ի նկատի ունեն Իսրայելին:
Մազրուկի խոսքերով՝ «Հըզբոլլահ» շարժման շիաների մասնակցությունը սիրիական հակամարտությանն առաջացնում է լարվածություն միջկրոնական հողի վրա. սիրիացի ընդդիմադիրների մեծ մասը սունիներ են, իսկ իշխող վարչակարգի ներկայացուցիչներն ալավիներ են:
Միևնույն ժամանակ պաղեստինցի առաջնորդը հերքել է լիբանանյան ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե ՀԱՄԱՍ-ի գրոհայիններն ակտիվորեն մասնակցում են սիրիական պատերազմին՝ ապստամբների կողմից:









































