Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվությունում շինարարության ոլորտում խախտումներ ծնող հանգամանքների վերաբերյալ խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը՝ հավելելով, որ ատկատները ոչ թե բուն հիմնախնդիրն են, այլ ընդամենը մակերեսը:
Նրա խոսքերով, խախտումները շատ դեպքերում արդյունք են այն բանի, որի նախագծահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները հաճախ իրականացվում են համապատասխան որակում չունեցող աշխատակիցների, կամ տվյալ կազմակերպության հետ առնչություն չունեցող մարդկանց կողմից: «Պրոֆեսիոնալ նախագծողները պաշտոնապես աշխատում են միանգամից 5-10 կազմակերպություններում: Նույն մասնագետը միաժամանակ մի կազմակերպությունում կարող է հանդես գալ որպես նախագծող, մյուսում՝ որպես տվյալ նախագծի փորձաքննող»,- ասաց Սամվել Թադևոսյանը՝ հավելելով, որ շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացվում է թերի, 1-2 տեխհսկիչով տեխնիկական հսկողություն են իրականացվում միաժամանակ տասնյակ շինարարական օբյեկտներում:
Ըստ քաղաքաշինության նախարարի՝ 2012 թվականին կասեցվել է 550 կազմակերպության լիցենզիա, որից 159-ը՝ տեխնիկական հսկողություն իրականացնողներ են:
Ամփոփելով՝ նա նաև նշեց, որ իրենք անցել են մրցույթների բաց կազմակերպմանը, ինչը հնարավորություն է տվել 1 մլրդ դրամ տնտեսել:





































