Հունիսի 29-ը հայաստանյան օրացույցներում ամրագրված է որպես Անհետ կորած զինվորի օր: Ինչու հենց հունիսի 29-ը, որովհետև Արցախյան ազատամարտում 1992 թվականի հենց այս օրն ունեցանք ամենաշատ անհետ կորածներ՝ 76 ազատամարտիկ, այդ թվում՝ «Արծիվ 13», «Զեյթուն» և այլ ջոկատներից: Այսօր լրագրողների հետ հանդիպեց «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանը, ով նշեց, որ արդեն հինգերորդ տարին է, ինչ անհետ կորած ազատամարտիկների օրը մեզանում նշվում է պաշտպանության նախարարի մակարդակով. «Մեր ՀԿ-ում արդեն գրանցված է շուրջ 400 անհետ կորած ազատամարտիկի ընտանիք, յուրաքանչյուր շրջանից գրանցված է առնվազն 3-4 ընտանիք: Մենք հաճախ ենք հանդիպում նրանց հետ, զրուցում, փորձում ենք թև ու թիկունք լինել մեկս մյուսին»:
Արցախյան պատերազմի ընթացքում մենք ունեցանք 1000-ից ավելի անհետ կորած, որից 400-ը՝ ՀՀ-ից: Ինչպես նշեց տիկին Առաքելյանը, անհետ կորած ազատամարտիկների ժառանգները նույն արտոնություններն ունեն, ինչ զոհված ազատամարտիկներինը. ստանում են կերակրողը կորցնողի համար թոշակ, բոլոր պետական բուհերում նրանց երեխաները անվճար սովորելու իրավունք ունեն:
Ասուլիսի մյուս բանախոս, անհետ կորած ազատամարտիկի մայր Ալվարդ Ղարիբյանը, խոսելով իր որդու մասին, ասաց, որ նա անհետ կորել է Մարտակերտի շրջանի Սարսանգի ջրամբարի մոտ: Մի քանի տարի առաջ համացանցում հայտնված մի հոլովակի մեջ տեսել է որդու ընկերներին, սակայն որդուն հնարավոր չի եղել ճանաչել. «Ադրբեջանցիներն էին տեղադրել այդ տեսագրությունը, տղայիս չգտա մահացած զինվորների մեջ: Արդեն 21 տարի է՝ հույսով ապրում եմ, թե մի օր կվերադառնա»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































