Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը այսօր խոստացել է արաբ եբայրների հետ շարունակել ջանքերը՝ հասնելու սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման: Այդ հարցում նրանք սերտորեն կհամագործակցեն նաև միջազգային հանրության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության հետ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նա խոստովանել է, որ Հորդանանը լուրջ մարտահրավերների հետ է բախվել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, սակայն չի պատրաստվում դադարեցնել օգնությունը փախստականներին:
Միևնույն ժամանակ միապետն ընդգծել է, որ Հորդանանի համար առաջնայինը իր ազգային շահերն են:
«Եթե իրավիճակի զարգացումը վտանգավոր շրջադարձ ստանա, և մեր երկրի վրա սպառնալիք կախվի Սիրիայում շարունակվող հակամարտության պատճառով, մենք ցանկացած պահի միջոցներ կձեռնարկենք` Հորդանանի ժողովրդի շահերը պաշտպանելու համար»,- հայտարարել է Աբդալլահ 2-րդը:
Նշենք, որ Հորդանանի կենտրոնական և հարավային շրջաններում այս օրերին ընթանում են զորավարժություններ, որոնցում մասնակցում են շուրջ 8000 զինվորականներ՝ 19 պետություններից: ԱՄՆ-ը Հորդանան է ուղարկել շուրջ 4500 ծովային հետևակ:











































