Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցարարների հետ հանդիպմանը խոստացել է պատժել ոստիկանության աշխատակիցներին, որոնց մեղավոր կճանաչեն չափից ավելի ուժ կիրառելու մեջ: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է «Ազատություն և արդարություն» իշխող կուսակցության ներկայացուցիչ Հուսեյն Չելիքը:
Բացի այդ, կառավարությունը պարտավորվել է ենթարկվել դատարանի որոշմանը՝ Ստամբուլի Գեզի այգում շինարարությունների հետագա ծրագրերի վերաբերյալ: Խոսքը վճռի մասին է, որը պետք է կայացնի Ստամբուլի վարչական դատարանը:
Չելիքի խոսքերով՝ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել փոխզիջման գնալ նույնիսկ այն դեպքում, եթե դատարանը թույլատրի շինարարական աշխատանքներ իրականացնել: Եթե հայցը մերժվի, վարչապետը խոստացել է հանրաքվե անցկացնել:
Վարչապետի հանդիպումը ցուցարարների հետ, որը տեղի է ունեցել հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը, տևել է շուրջ 3 ժամ: Ընդդիմության կողմից հանդիպմանը մասնակցել են «Թաքսիմի համերաշխություն» խմբի ներկայացուցիչները, որոնց հետ նախկինում Էրդողանը հրաժարվում էր հանդիպել:
Ցուցարարները գոհունակություն են հայտնել բանակցությունների արդյունքներից՝ դատական վճռին ենթարկվելու իշխանությունների խոստումը համարելով իրենց հաղթանակը:








































