Այսօր Երևանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում ինքնասպանություն է գործել հայտնի արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը: 64-ամյա Վրեժ Իսրայելյանը գրասեղանին թողած նամակում շնորհակալություն է հայտնել Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ, նա ներողություն է խնդրել՝ գրելով, որ չի ուզում ինքն իրենից զզվել, նոր հեռանալ։ «Մնաք բարով»,- եզրափակել է գրողը:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Վրեժ Իսրայելյանն իմացել է, որ տառապում է քաղցկեղով և պետք է մեկնի Գերմանիա բուժման: Հավանաբար, այս լուրն էլ նրան դրդել է ինքնասպանության:
Վրեժ Իսրայելյանը 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1971-78 թթ. աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում՝ որպես խմբագիր և ավագ խմբագիր: 1993-99 թթ. ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր էր, 1999-ից՝ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետը:
1982-ին տպագրվել է նրա «Միայն մի անգամ» պատմվածքը, իսկ 1986-ին հեռուստատեսությամբ ներկայացվել է «Չնվաճված աշխարհամաս» պիեսը:
«Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլ կինոսցենարների հեղինակն է:
2010-ին «Տոնապետ» խորագրով լույս է տեսել նրա պատմվածքների ժողովածուն:
Վերջին տարիներին աշխատում էր որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն:
Արձակագիրն իրեն արգասաբեր գրող չէր համարում, քանի որ հազիվ հինգ-վեց ժողովածու է հասցրել հրատարակել, նշում էր, որ իր նախընտրած ժանրը պատմվածքն է:
Նրա պատմվածքները վկայում են, որ ամեն մարդ այս կյանքում ձգտում է հաստատել ապրելու իր իրավունքը:
«Մարդը իր դեմքը կորցնում է, հեշտորեն բոլոր գայթակղություններին ենթարկվում է. մարդկային նկարագրի այսպիսի անկում ես երբեք չեմ տեսել, ես գրում այդ մասին, որ այդ ցավից փախչեմ»,- ասում էր գրողը: Չէր հաշտվում ամեն քայլափոխի մարդու արժանապատվության ոտնահարման հետ:
Հարցազրույցներից մեկում ասում է. «Ինձ համարում եմ ամենահայրենասեր մարդկանցից մեկը։ Հիմա, երբ տարիքս առել եմ, մտածում եմ՝ ո՞րն է հայրենիքը, այն վայրը, որտեղ քո երեխան պաշտպանված է, ուր քո երեխայի վրա մեքենա չեն քշում, ուր հաշմանդամի նկատմամբ կա ուշադրություն»…- հետո հավելում է «ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ» սարոյանական տողը:
Նա վստահ էր, որ գրողը սովորական մարդ է, ոչ մի բան չի կարող փոխել, բայց կարող է մարդու մեջ արթնացնել իսկական մարդուն, արթնացնել աստվածայինը:
«Առաջին լրատվական»-ի խմբագրակազմը ցավակցում է հարազատներին, ընկերներին և հասարակությանը:











































