Ամերիկացի զինվորականները ցանկանում են Սիրիայի տարածքի վրա սահմանափակ ոչ թռիչքային գոտի հաստատել, որը կտարածվեր երկրի ներսում 25 կմ Հորդանանի հետ սահմանի երկայնքով: Այդ գոտին պետք է սպասարկեն F-16 կործանիչները և Patriot համալիրները, հաղորդում է The Wall Street Journal-ը:
«Մարտական գործողություններից զերծ գոտի» ստեղծելու նպատակը սիրիացի փախստականներին և ապստամբներին պաշտպանելն է, որոնք ամերիկացիների ղեկավարությամբ պատրաստություն են անցնում Հորդանանի տարածքում:
Միաժամանակ, ԱՄՆ-ը կարծում է, որ դրա համար պետք չէ ՄԱԿ ԱԽ-ի թույլտվությունը, քանի որ արտասահմանցի զինվորականները չեն պատրաստվում «պարբերաբար ներխուժել Սիրիայի օդային տարածք»:
RIA Novosti-ն, վկայակոչելով Սպիտակ տանը, հաղորդում է, որ Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի սահմանելը չի օգնի լուծել հակամարտությունը:
«Մենք նախկինի պես կարծում ենք, որ ամենաարդյունավետը, որ կարող ենք անել տեղում իրավիճակը փոխելու համար, ընդդիմությանն ուժեղացնելն է: Ոչ թռիչքային գոտին ծրագիր է իրադարձությունների անսպասելի զարգացման դեպքում»,- հայտարարել է Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը և հավելել, որ այն երաշխիքներ չի տալիս, որ տեղում իրավիճակը կլավանա:







































