Քաղաքական ուժերի մի զգալի հատված արդեն նախապատրաստվում է 2018 թվականի նախագահական ընտրություններին, և մամուլում նույնիսկ առանձին թեկնածուների անուններ են շրջանառվում: Հստակ է նաև, որ քաղաքական ուժերն այդ ժամանակ հանդես չեն գա ներկայիս դիրքերից: Իսկ թե ինչ տրանսֆորմացիայի կենթարկվեն քաղաքական ուժերը մինչ 2017-ի խորհրդարանական կամ 2018-ի նախագահական ընտրությունները, «Առաջին լրատվական»-ը կարծիք հարցրեց «Վերելք» քաղաքական վերլուծությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանից։ Նրա կարծիքով՝ քաղաքական ուժերին տրանսֆորմացիա չի սպասվում, քանի որ նրանք մահացել են․ «Իրենք էլի համագումարներ կանեն՝ դատապարտող, կամ վարդագույն հայտարարություններ կանեն, բայց նրանք իրականում հանրության համար այլևս գոյություն չունեն: Հանրությունը նրանց և ոչ մեկի հետ հույս չի կապում»:
Ա․ Պեպանյանի դիտարկմամբ՝ ոչինչ էական չի փոխվի նաև 2017-18 թվականներին․ «Այդ հույսերը, եթե առաջանան, կարժանանան այն հույսերի բախտին, որ եղել են 1996-ին, 1998-ին, 2003-ին, 2008-ին:
Մեր քաղաքական կուսակցություններն այդպես էլ ունակ չեղան ճանաչել սեփական հանրությանը, հասկանալ դժվարությունների իրական պատճառները: Հետևաբար նրանց քայլերը պիտի փակուղի տանեին:
2007-ին ականավոր ընդդիմադիր մի գործիչ մասնավոր զրույցում համոզմունք էր հայտնում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա Սերժ Սարգսյանը կհրաժարվի գրանցվել նախագահի թեկնածու: Ու տարակուսանք տեսնելով դեմքիս՝ արտաբերեց. «Ինչպե՞ս, նա դեմ դուրս կգա Լևոն Տեր-Պետրոսյանին. հնարավոր չէ»: Սակայն կյանքը ցույց տվեց, որ ոչ միայն հնարավոր է, այլև պարկ հագցրին Տեր-Պետրոսյանի գլխին ու տուն տարան»:
Մեզ հետ զրույցում Ա. Պեպանյանն անդրադարձավ նաև Երևանը գրավելու՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած ընդդիմության կոչերին՝ նշելով, որ ավելի անհեթեթ բան պատկերացնել անհնար է։ «Սա է մեր ընդդիմության հեռատեսությունը»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է մինչև 2017 թվականը ստեղծվի այնպիսի ֆորս-մաժորային իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը հարկադրված հրաժարական տա, Արծրուն Պեպանյանը պատասխանեց․ «Նման բան տեղի չի ունենա, եթե դրսից չհրահրեն: Իսկ դրսից հրահրումները դրսի շահերն են սպասարկում: Ներքին ռեսուրսները բավարար չեն ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծելու համար: Ոչ ոք այլևս չի ունենա այնքան գաղափարակիր համախոհներ, որքան Վազգեն Մանուկյանը, ոչ ոք այլևս չի կարողանա այնպես ցնցել հանրությանը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ թե ինչ արդյունք ունեցան դրանք, հայտնի է:
Ասենք թե Սերժ Սարգսյանը հրաժարան տվեց. Ինչո՞ւ եք կարծում, թե քաղաքական դաշտն ունի իրավիճակը բարվոքելու իրատեսական, ոչ ուտոպիստական ծրագիր: Ես որ այն չեմ տեսել: Մենք վերջին քսաներկու տարվա մեջ երկու անգամ արմատապես փոխել ենք իշխանությունը, իսկ արդյունքը երկու դեպքում էլ եղել է ցավոտ:
Հին էլիտան պետությանը տանելու է դանդաղ մահվան՝ որպես վնասով աշխատող հիմնարկ: Մենք նման մի փորձ ունենք: Պատճառ են բերում արտաքին գործոնները, բայց միևնույն է՝ եթե տարածաշրջանում անցանկալի զարգացումներ չլինեին էլ, մենք կործանելու էինք Առաջին հանրապետությունը:
Մենք նոր էլիտայի կարիք ունենք, ով ունակ կլինի իրավիճակը գնահատելով ու մի շարք բարդ հարցերի պատասխանները գտնելով` իրատեսական լուծում առաջարկել: Ես տեսնում եմ այդ էլիտայի սաղմերը: Այնպես որ, ամեն ինչ կորած չէ: Ֆորս-մաժորային իրավիճակ հարկավոր է ստեղծել միտք կրողների շրջանում, որպեսզի հնարավորինս արագ գտնվի իրավիճակից ելքը»:
Լուսանկարը՝ Photolure-ի









































