Շվեյցարացի գործարար Անդրեաս Բիրերը մտածել է, թե ինչպես անվտանգ դարձնել իր հայրենակիցների տները առանց պահակների և անվտանգության համակարգերի ծառայություններին դիմելու:
«Ո՞ւմ է հարկավոր թանկարժեք ազդանշանային համակարգը, եթե ձեր տան մոտ կանգնած է ոստիկանական ավտոմեքենան»,- նշում է գործարարը:
Մտածելով այս ուղղությամբ՝ նա ավտոմեքենան ներկել է շվեյցարական ոստիկանության ոճով, նույնիսկ լուսային ազդանշան է դրել դրա վրա, ավելի մեծ արժանահավատության համար:
Այնուհետև տղամարդը հայտարարություն է տեղադրել թերթում. «Չե՞ք ցանկանում, որ ձեր տունը թալանեն: Մոտ ժամանակներս մեկնո՞ւմ եք արձակուրդի: Այդ դեպքում ես կկանգնեցնեմ իմ ոստիկանական ավտոմեքենան ձեր տան մոտ այնքան ժամանակ, որքան հարկավոր է»:
Ըստ գործարարի՝ նա կարծել է, որ իր հայտարարությունը կընդունեն որպես կատակ, սակայն հետաքրքրված հաճախորդների մեծ հոսք է եղել: Մարդիկ նրա առաջարկին բավականին լուրջ են վերաբերվել:
Հիմա գործարարը նման մի քանի ավտոմեքենա ունի, իսկ նրա բիզնեսը ծաղկում է ապրում: Նա նշում է, որ իր ծառայություններից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք, քանի որ մեկ շաբաթ վարձակալելու համար հարկավոր է վճարել գրեթե 270 դոլար:
Իրավապահ մարմինների կողմից ոչ մի իրավախախտում չի նկատվել, քանի որ գործարարն աշխատում է միայն օրենքի շրջանակներում:










































