Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին լիբիական ճգնաժամի ժամանակ իբր թե հետաքրքրվել է Մուամար Քադաֆիին վերացնելու հնարավորությամբ: Այդ մասին հաղորդում է իտալական Il Fatto Quotidiano թերթը: Բեռլուսկոնիի ներկայացուցիչներն այդ տեղեկությունները կտրականապես հերքել են:
Հոդվածը, հղում կատարելով հեղինակավոր աղբյուրի, նշել է, որ համապատասխան հարցով նախկին վարչապետը, ով բազմիցս Քադաֆիին իր ընկերն է անվանել, դիմել է, երբ Լիբիայում բախումներ էին տեղի ունենում վարչակարգի ուժերի և նրանց հակառակորդների միջև:
Ըստ պարբերականի վարկածի՝ Բեռլուսկոնին անհանգստացած էր նրանով, որ սերտ կապեր է ունեցել «լիբիացի բռնակալի» հետ և ցանկանում էր հեռու մնալ նրանից:
Մեկնաբանելով այդ հրապարակումը՝ Բեռլուսկոնիի ներկայացուցիչ Պաոլո Բոնայուտին այդ ենթադրություններն անվանել է «լիովին կեղծ, անհիմն և անընդունելի»:








































