Եգիպտոսի Վճռաբեկ դատարանը այսօր վերանայման է ուղարկել երկրի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆի գործը: Նա կոռուպցիայի համար դատապարտվել է ազատազրկման: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նազիֆը, որը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմից պաշտոնաթող էր արվել 2011-ի հունվարին՝ ժողովրդական հուզումների ամենաթեժ պահին, ավելի ուշ մեղադրվել է ծառայողական դիրքի չարաշահման, անօրինական հարստացման և ավելի քան 9 մլն դոլարի յուրացման մեջ: Ավելի քան 10 ամիս տևած քննությունը պարզել է, որ վարչապետը, որն այդ պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 2004 թվականին, ապօրինի յուրացրել է պետական միջոցները, իր և իր որդիների համար ձեռք է բերել հողատարածք, ինչպես նաև երկրի հեղինակավոր շրջաններում՝ անշարժ գույք:
Անցած տարվա սեպտեմբերին նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Բացի այդ, դատարանը նրան պարտավորեցրել էր մոտ 1.3 մլն դոլարի տուգանք վճարել:
Նազիֆը կալանքի տակ էր վերցվել 2011-ի ապրիլին: Նա ստիպված կլինի մոտ 7 մլն դոլար տուգանք էլ վճարել ժողովրդական ելույթների օրերին կապի միջոցները անջատելու համար:











































