Թուրքիայում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների զոհ է դարձել վերջին տվյալներով՝ 5 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ցույցերի 26-ամյա մասնակից Էտեր Սարիսուլյուքը մահկանացուն կնքել է հինգշբաթի՝ հայտնել է զոհվածի ընտանիքի փաստաբանը:
Բժիշկները մի քանի օր շարունակ ջանում էին փրկել նրան կյանքն այն բանից հետո, երբ երիտասարդը հունիսի 1-ին Անկարայում ցույցի ցրման ժամանակ գանգուղեղային լուրջ վնասվածք էր ստացել:
Ավելի վաղ հաղորդվում էր ցույցերի երեք մասնակցի և մեկ ոստիկանի մահվան մասին:
Հակակառավարական ցույցերը Թուրքիայում շարունակվում են արդեն ավելի քան երկու շաբաթ: Վերջին տվյալներով՝ անկարգությունների հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 5000-ը:
Վարչապետ Էրդողանը, ելույթ ունենալով իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության ամենշաբաթյա նիստում, ցուցարարներին կոչ է արել լքել Ստամբուլի փողոցները, իսկ ոստիկանների վրա հարձակման սադրանքների հեղինակներին խիստ պատիժ խոստացել:










































