Այսօր ԱԺ-ում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ-ում ներկայացրեց 2012 թվականի հաշվետվությունը: Ինչպես միշտ, նա խիստ մտահոգիչ համարեց գնումների համակարգում գոյություն ունեցող իրավիճակը և հայտարարեց, որ այն ունի համակարգային բնույթ:
Իշխան Զաքարյանի խոսքով՝ գնումների համակարգով գնվող գրեթե ապրանքների գները շուկայանից ավելի բարձր են եղել. «Մենք նրանց հարցնում ենք՝ ինչո՞ւ է միշտ այդպես, մեզ պատասխանում են՝ որոշ դեպքերում այդպես է, որոշ դեպքերում այդպես չէ: Բայց մենք մեր ստուգումների ընթացքում հակառակ երևույթը չենք նկատել»,-հայտարարեց Իշխան Զաքարյանը:
Վերջինս որպես օրինակ բերեց այն հանգամանքը, որ դատարանների նոր շենքեր կառուցելու դեպքում ձեռք է բերվել սովորական տիպի մալուխ, որի մեկ մետրը մեր խանութներում արժե մոտ 130 դրամ, բայց ձեռք են բերել 1007 դրամով: Կամ՝ նույն դատական համակարգում կատարված շինարարության դեպքում նախահաշվում նշված դատական համակարգի շինարարության համար մետաղապլաստե պատուհանի մեկ քառակուսի մետրի համար նախահաշվարկային գին է նշվել 85 հազար դրամը, սակայն ձեռք է բերվել 53 հազար դրամով: Իշխան Զաքարյանի խոսքով՝ մնացած գումարը օգտագործվել է որպես շահույթ: ՎՊ նախագահը նշեց, որ դատական համակարգի մի շարք շենքեր կառուցելու արդյունքում մոտ 270 մլն դրամի ուռճացված հաշվարկներ են հայտնաբերել:
Նա հիշեց նաև էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցներով ձեռք բերված թանկարժեք զուգարանները: Հիշեցնենք, որ այդ զուգարանների համար վճարվել է 100 մլն դրամ, ևս 23 մլն դրամ՝ տեղադրման համար: Իշխան Զաքարյանը ոչ արդյունավետ համարեց այս ծախսը:
Նա կարևոր համարեց, որ գնումների գործընթացում ներդրված է էլեկտրոնային գնումների համակարգ, բայց հավելեց, որ այն արդյունավետ չէ և գրեթե չի գործում: Նրա խոսքերով՝ ֆինանսների նախարարությունը այժմ մշակում է գնումների էլեկտրոնային համակարգի նոր ծրագիր: Նա հայտնեց, որ այժմ ՎՊ-ն թեև ուսումնասիրում է նույն մեթոդով 200 անուն ապրանքների գնման ընթացքը, բայց ինքը ձեռնպահ է մնում գնահատականներից: Զաքարյանը խոստացավ, որ այդ մասին կխոսի իր հետագա հաշվետվությունների ժամանակ:
Իշխան Զաքարյանի կողմից այս ամենը ներկայացվելուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասաց՝ թալանչիները պետք է ազատվեն իրենց պաշտոններից:








































