Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 11-ի գիշերը, Մոսկվայի կենտրոնում` Նովինսկի բուլվարի 16 շենքի մոտ, սպանվել էր «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր, 2010 թվականից Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրը` Հովիկ Մուրադյանը:
Հանցագործությունը կատարվել էր Մոսկվայի էլիտար հյուրանոցներից մեկի՝ Lotte Plaza Hotel-ի մոտ: Հովիկ Մուրադյանին իր մեքենայից իջնելիս դանակահարել է դիմակավորված անձը: Նա հարձակվել է հյուրանոց մտնող Հովիկ Մուրադյանի վրա և նրան հասցրել դանակի մի քանի հարվածներ: Հայ գործարարը մահացել է տեղում: Մոսկվայի իրավապահ մարմինները հաղորդել են, որ սպանվածը խոշոր շինարարական ընկերության համահիմնադիր է: ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով:
«Առաջին լրատվական»-ի աղբյուրները փոխանցում են, որ Հովիկ Մուրադյանն ամբողջ կյանքում իր տեսակով նախաձեռնող մարդ է եղել` սկսած դեռևս կոմսոմոլում աշխատած տարիներից: Ի դեպ, ԽՍՀՄ վերջին տարիներին նա առաջիններից մեկն էր, որ ստեղծեց կոոպերատիվ ընկերություն` այն անվանելով ՙՀաղթանակ՚:
Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Հովիկ Մուրադյանը Մարտունու շրջանում առանց վարանելու վայր է դրել կուսակցական տոմսը և ակտիվ մասնակցություն ունեցել շարժմանը:
Ճիշտ է, Մուրադյան եղբայրները բարեգործական շատ ծրագրեր են իրականացրել, բայց դրանք նախաձեռնողն ու առաջ մղողը եղել է հենց Հովիկ Մուրադյանը, ով անձնական մեծ մասնակցություն է ունեցել նաև երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: Նրա նախաձեռնությամբ է իրականացվել Սպիտակի Նալբանդ, Ջրաշեն և մի շարք այլ գյուղերում ջրագծի ներքին ցանցի կառուցումը` մոտ 50 կմ ընդհանուր երկարությամբ: Նա իր միջոցներով 150 ընտանիքների համար ժամանակավոր տնակներ է կառուցել:
Օգնության ձեռք է մեկնել նաև Արցախյան պատերազմի տարիներին, երբ դեռ չունեինք ձևավորված կանոնավոր բանակ: Հովիկ Մուրադյանը նոր ձևավորվող հայկական բանակին օգնել է և՛ մեքենաներ նվիրելով, և՛ հագուստով, և՛ Մոսկվայից պարբերաբար պարենով լի ինքնաթիռներ ուղարկելով, և՛ իհարկե` դրամով:
Հովիկ Մուրադյանը եղբոր` Մուրադ Մուրադյանի հետ 1992 թվականին Մոսկվայում հիմնեց «ԲԱՄՕ» ընկերությունը` մեծ մասնակցություն ունենալով ազգային և համայնքային գործունեությանը: Ընկերության օժանդակությամբ Մոսկվայում մեծ թվով հայկական ամսագրեր հիմնադրվեցին, իսկ Քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ լույս տեսավ «Քրիստոնեական Հայաստան» եռալեզու արժեքավոր հրատարակությունը:
Բարեգործական ծրագրերը նույնքան մեծածավալ էին նաև վերջին տարիներին: «ԲԱՄՕ» ընկերության միջոցներով Գեղարքունիքի Ծովասար գյուղում, որտեղ ծնվել և մեծացել են Մուրադյան եղբայրները, կառուցվել են գյուղի նոր դպրոցը, 18 կմ երկարությամբ ջրագիծը, վերանորոգվել են գյուղի մշակույթի ակումբն ու բուժկենտրոնը: Քիչ չեն նաև Լեռնային Ղարաբաղում իրականացված բարեգործական ծրագրերը: Մուրադյան եղբայրները Մոսկվայում մասնակցել են նաև հայկական նոր եկեղեցու շինարարական աշխատանքներին:
Հովիկ Մուրադյանին ճանաչողներն ասում են, որ նա չէր սիրում, որ շրջապատն իմանար իր իրականացրած բարեգործական ծրագրերի մասին:
Նրա մասին խոսելիս նրա մտերիմները, նրա հետ շփվելու առիթ ունեցած մարդիկ շեշտում են, որ Հովիկ Մուրադյանը մեծ գործեր նախաձեռնող և ավարտին հասցնող տաղանդավոր գործարար էր:










































