ԱՄՆ-ում էլեկտրոնային լրտեսության գաղտնի ծրագրերը բացահայտող Էդվարդ Սնոուդենը մտադիր է մնալ Հոնկոնգում և դատական կարգով պայքարել ԱՄՆ-ի փորձերի դեմ՝ հասնելու իր արտահանձնմանը:
Այս մասին նա հայտարարել է South China Morning Post թերթին տված հարցազրույցի ժամանակ:
Սնոուդենը կմնա այդ քաղաքում «այնքան ժամանակ, քանի դեռ նրան չեն խնդրի հեռանալ: Ես Հոնկոնգի սահմանները լքելու շատ հնարավորություններ եմ ունեցել, սակայն ես նախընտրում եմ մնալ և արդարադատության օգնությամբ պայքարել ԱՄՆ կառավարության դեմ: Ես հավատում եմ, որ այստեղ իշխում է օրենքը:
Նրանք, ովքեր մտածում են, որ ես սխալվել եմ՝ ընտրելով Հոնկոնգը, չեն հասկանում իմ մտադրությունները: Ես այստեղ եմ ոչ թե արդարադատությունից թաքնվելու, այլ հանցագործությունները բացահայտելու համար»,- ասել է 29-ամյա Սնոուդենը՝ հավելելով, որ իրեն չի համարում ո՛չ հերոս, ո՛չ դավաճան:










































