Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը ANS TV-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ սպառազինության և տեխնիկայի ներկրման հետ մեկտեղ ծրագրված է Ադրբեջանում ծավալել զենքի տարբեր համակարգերի արտադրություն:
Ջամալովը հավելել է, որ դա վերաբերում է մասնավորապես անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրություն սկսելուն: «Մոտակա 3 ամիսներին կմեկնարկի տեղական արտադրության նոր սերնդի «Հարված» (Zərbə) ԱԹՍ-երի փորձարկումները:
Ադրբեջանը ձեռնամուխ է լինում հրթիռային զենքի արտադրությանը: Մենք խոսում ենք «երկիր-երկիր», «օդ-երկիր», «օդ-օդ» դասի հրթիռների մասին: Տվյալ ուղղությամբ արդեն իսկ աշխատում է գիտահետազոտական ինստիտուտը:
Դրա հետ մեկտեղ հրթիռային տեխնոլոգիաների գնման շուրջ բանակցություններ են տարվում մի շարք երկրների, այդ թվում նաև թուրքական Roketsan կոնցեռնի հետ:
Տարբեր տիպի սպառազինության ու զինամթերքի արտադրության համար պլանավորված է բացել նոր զինագործարաններ: Դրանց բացումը տեղի կունենա հուլիսի սկզբին:
Հուլիսի վերջին Ադրբեջանում կմեկնարկի բանակում առկա բոլոր հրետանային համակարգերի ու տանկերի համար զինամթերքի արտադրություն: 100, 122, 130, 152 ու 155 միլիմետր տրամաչափի հրետանային համակարգերի համար զինամթերքը պատրաստվելու է Ադրբեջանում»,- ասել է նա:









































