Ղարաբաղյան շարժման մասնակից Մարգարիտա Քարամյանը երեկ իր տարածած հաղորդագրության մեջ ահազանգում էր՝ նախքան ապրիլյան պատերազմը Լեռնային Ղարաբաղի խորհրդարան է մտել մի նախագիծ, որն ընդունելու դեպքում հնարավորություն կլիներ կանխել Մարտակերտի շրջանում մի քանի օր շարունակվող պատերազմական գործողությունները։
Ինչպես հայտնի է, 2016թ. հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն ընդունեց «Ադրբեջանի միջսահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձևը, որը ներկայացրել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը: Համաձայն բանաձևի՝ հայկական ուժերը արգելափակել են ադրբեջանցիների մուտքը դեպի Արցախի Հանրապետության Սարսանգի ջրամբարը:
Մարգարիտա Քարամյանը նշում է՝ Լեռնային ղարաբաղի խորհրդարանը պետք է հայտարարությամբ հանդես գա, որ հայկական կողմը չէր կարող մասնակցել բանաձևը կազմելու աշխատանքներին, որովհետև Լեռնային Ղարաբաղը ԵԽԽՎ-ում պատվիրակություն չունի, իսկ Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի տարածքում։ ԼՂ Ազգային ժողովը չի ուզում մոտենալ այդ հարցին, նույնիսկ քննարկում չի եղել։
Մինչդեռ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը նշում է, որ ներկայացված նախագիծն ինքը ներկայացրել է խմբակցություններին, սակայն նրանց հավանությանը չի արժանացել։
Մարգարիտա Քարամյանն այսօր երկրորդ հայտարարությունն է տարածել՝ այս անգամ բարձրաձայնելով արցախցիների մեկ այլ մտավախության մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իմանալով՝ Մարգարիտա Քարամյանը նշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորով կամ նրա աջակցությամբ իշխանությունները նորից ուզում են կատարել օտարերկրյա «կայսեր» պատվերը և նորից հող հանձնել մեր թշնամուն:












































