Հունիսի 3-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինն ընդունեց Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետը Ֆրանցիսկոս Ա. պապին նվիրեց խաչելություն պատկերող բրոնզե քանդակ:
Բրոնզե քանդակի հեղինակը, որի բարձրությունը 66 սմ է, համաշխարհային ճանաչում և համբավ ունեցող լիբանանահայ արվեստագետ Ռաֆֆի Թոքաթլյանն է:
Ռ. Թոքաթլյանը, նկարագրելով քանդակի խորհուրդը, ասաց. «Քրիստոսի կերպարի հետևում գտնվող մեխերը ներկայացնում են մարդկության տառապանքները, որոնք նա կրում է մեր փոխարեն: Քրիստոսի խաչված մարմինը ստացել է խաչի տեսք, որն էլ իր հերթին վերածվել է քրիստոնեության խորհրդանիշի: Խաչի գագաթը ստացել է նետի կերպար՝ թելադրելով այն միտքը, որ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք հանդիպելու ենք մեր Արարչին` Աստծուն»:









































