ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի՝ աշխատանքից ազատելու հիմնական շարժառիթը հնարավորություն տվեց բացահայտելու զինվորական գործի մի պատմություն, որին ներգրավված է մի ամբողջ «հանցախումբ»՝ գլխավոր դատախազություն, զինվորական դատախազություն, դատարան, նախաքննական մարմին, կազմված անհիմն քրեական գործ, կայացված անարդար դատավճիռ, արդյունքում՝ դատավճռի հրապարակումից երեք օր անց՝ 2012 թվականի նոյեմբերի 28-ին Հայկ Մովսիսյանը ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանի ութերորդ խցում «ինքնասպանություն» գործեց:
Հայկ Մովսիսյանի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ փաստաբան Վոլոդյա Խաչատրյանի հետ հունիսի 6-ին գնացել է ՀՔԾ, որտեղ հանդիպել է հատուկ քննչական ծառայության հատուկ կարևորության գործերով ավագ քննիչ Բաբայանի հետ, սակայն իրավահաջորդ ճանաչելու խնդրին լուծում չի տրվել: Բաբայանին մայրը ներկայացրել է, որ չի հավատում որդու ինքնասպանությանը. «Գործը կոծկելու միտում եմ նկատում: Տղայիս ոտքի, լյարդի, ձախ թիկունքի շրջանում կապտուկներ կային, բութ մատը ուռած ու կապտած էր: Քննիչը փորձում էր համոզել, որ մահվան հետքերն են, որ երեխայի ջարդած ձեռքերը դրանք մահվան հետքերն են: Սա դիտավորյալ սպանություն է: Ասացի, որ կապված չի եղել, հետքերը տեսել եմ, նկարել…»,- ասաց Հեղինե Պետրոսյանը:
Նա նշեց, որ արդեն մի քանի ամիս է՝ ոչ իրեն, ոչ էլ ամուսնուն տուժողի իրավահաջորդ չեն ճանաչում: Խնդրով դիմել է և դատախազություն, և Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Պատասխանները մերժողական են:
Փաստաբան Վոլոդյա Խաչատրյանը ծնողներից որևէ մեկին իրավահաջորդ չճանաչելը հիմնավորում է հետևյալ կերպ. հարուցված գործ չկա, և հիմա նախ պետք է հիմնավորվի, որ սխալ գործողություն է կատարվել, որի հետևանքով ինչ-որ մեկը տուժել է, տուժողը Հայկն է, առայժմ այս գործով ոչ մեղադրանք կա, ոչ տուժող: Փաստաբանը նշեց, որ փաստացի անորոշ իրավիճակ է, և սա իրեն դուր չի գալիս:
Հնարավո՞ր է գործը կոծկելու միտում կա հարցադրմանը, փաստաբանը պատասխանեց. «Եթե ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ, պաշտոնատար անձանց անփույթ գործողությունների կամ դիտավորության հետևանքով մարդ է մահացել, հիմա պետք է քննություն լինի: Հիմա եթե Վճռաբեկ դատարանը հանկարծ անտեսի, վերաքննիչ բողոքը վերացնի, հարգի վճռաբեկ բողոքը, ուժի մեջ թողնի առաջին ատյանի որոշումը, ես չեմ հասկանում ՀՔԾ-ի հարուցած քրեական գործը ինչպե՞ս պետք է մեղավոր պարզի, եթե Վճռաբեկը արդեն իր վետտոն դնում է, որ այդտեղ մեղավորներ չկան, առաջին ատյանի դատարանի որոշումը ճիշտ է»,- հավելեց փաստաբանը:
Նա նշեց, որ հակասական երևույթներ են կատարվում գործի հետ կապված, նախ դատախազությունը ներկայացնում է միջնորդություն, հետո ներկայացնում է միջնորդություն հակառակն ապացուցելու համար:
Նա նշեց, որ եթե ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը հետևանքներ չունեցավ, որևէ մեկը մեղավոր չճանաչվեց, և կարճվեց այս գործը հանցակազմի բացակայության հիմնավորմամբ, բնականաբար որևէ մեկի պատասխանատվության հարց չի կարող առաջանալ:
Փաստաբանն ինքն էլ կասկածներ ունի, որ սա ինքնասպանություն չէ, քանի որ Հայկը մորը խնդրել է, որ վերաքննիչ բողոք ներկայացնի, որ ինքը արդեն ներկայացրել է, սակայն հավելեց, որ քննությունը պետք է պարզի՝ այս մարդը ինչ վիճակում պետք է լիներ, որ ինքնասպանություն գործեր. «Կան հակասություններ, նորից քննություն պետք է սկսել: Բնականաբար, հարց պետք է առաջանա հսկողություն իրականացնող դատախազի, քննիչի գործառույթների իրականացման և դատավորի նկատմամբ, բնականաբար, նրանց երեքի պատասխանատվության հարցը պետք է առաջանա»,- ասաց Վոլոդյա Խաչատրյանը:
Հայկը, փաստաբանի խոսքով, չի խուսափել ծառայությունից, նա ազատվել է ծառայությունից հիվանդության պատճառով:









































