ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը «Ժառանգությանը» նամակ է հղել, որտեղ ըստ էության ակնարկում է այն մասին, որ հունիսի 20-ին Րաֆֆի Հովհաննիսյանին չեն սպասում ԵԺԿ գագաթնաժողովին, որին մասնակցելու է Սերժ Սարգսյանը: Մարթենսն ակնարկում է կամ ավելի ճիշտ՝ բաց տեքստով հայտնում, որ նման գագաթնաժողովների հրավիրում են միայն իրենց անդամ կուսակցությունների պետությունների ղեկավար պաշտոնյաներին կամ ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարին:
Այս պատասխանում հետաքրքրականը հենց այս մասն է: Այսինքն՝ ԵԺԿ-ն այս դեպքում արդեն ակնարկում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չեն դիտում որպես ամենամեծ ընդդիմության ղեկավար: Այլ կերպ ասած՝ ԵԺԿ-ն ըստ էության Հայաստանում ճանաչում է ոչ թե այն ստատուս քվոն, որ հաստատվեց նախագահական ընտրությունների արդյունքում, այլ այն ստատուս քվոն, որը ձևավորվեց Երևանի ավագանու ընտրություններից հետո: Այսպիսով, Եվրոպան իր համար արձանագրում է Հայաստանի ներքաղաքական ստատուս քվոյի իր համար նախընտրելի տարբերակը: Դա նշանակում է, որ Եվրոպան ճանաչում կամ ընդունում է երկրորդը լինելու ԲՀԿ-ի «իրավունքը»:
Այսպիսով, Եվրոպան, ըստ էության, ընդունում է կամ ակնարկում, որ Հայաստանում պարզապես ընդդիմություն չկա: Իհարկե, միգուցե չափազանցված է ԵԺԿ նախագահի նամակը Եվրոպայի կարծիքին վերագրելը, սակայն միևնույն ժամանակ դժվար է չհամաձայնել նաև, որ այդ կարծիքը բխում է հայաստանյան իրականությունից: Այսինքն՝ երբ իրականում երկրում ընդդիմադիր քաղաքական ուժ գոյություն չունի, ապա Եվրոպան, բնականաբար, չի կարող վիրտուալ իրականությունն ընդունել որպես ստատուս քվո:
Խոսքը, բնականաբար, ընդդիմության նոմինալ գոյության մասին չէ, քանի որ այդ դիրքերից Հայաստանում շատ կուսակցություններ և նախաձեռնություններ են հանդես գալիս: Խոսքն այն մասին է, որ չկա ազդեցիկ ընդդիմադիր ուժ, որն ունի հասարակական մոբիլիզացիայի այնպիսի պոտենցիալ, որը խնդիր կարող է լինել իշխանությունների համար և ընտրական ժամանակահատվածներում, և նաև հետընտրական ժամանակաշրջանում՝ երբ այս կամ այն հարցում իշխանությունները գնում են հանրային շահերի ոտնահարման ճանապարհով:
Սակայն այս՝ ըստ էության տխուր իրողությունը Եվրոպային պետք է որ մտահոգի, բավական կոշտ նամակների առիթ դառնալու փոխարեն կամ դրանից զատ: Պետք է մտահոգի, եթե Եվրոպային մտահոգում են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները և եվրաինտեգրումը: Բանն այն է, որ ազդեցիկ ընդդիմության առկայությունը բարեփոխումների ու եվրաինտեգրացիայի հիմնական երաշխիքն է: Սրան զուգահեռ պարզ է իհարկե, որ Եվրոպան այս հարցում չի կարող ստանձնել ազդեցիկ ընդդիմություն ձևավորողի դերը: Բայց մյուս կողմից, եթե նույն Մարթենսը իրենց լիակատար աջակցությունն ու վստահությունն է հայտնում Սերժ Սարգսյանին, պետք է որ գիտենա, որ առնվազն համարժեք աջակցություն և վստահություն պետք է ցուցաբերել Հայաստանի քաղաքացու, Հայաստանի հասարակության հանդեպ:
Իսկ արդյոք ԵԺԿ-ն և Եվրոպան անո՞ւմ են այդ բանը: Մասամբ: Մասամբ, որովհետև եթե իշխանություններին աջակցությունը ստանում է շատ կոնկրետ քաղաքական առարկայական տեսք, ապա հասարակությանն աջակցությունը հիմնականում կրում է ֆորմալ, արարողակարգային բնույթ և սահմանափակվում առավելապես հռչակագրային ձևակերպումներով՝ սկսելով դրամաշնորհային ծրագրերով և ավարտվելով դրանց վերաբերյալ հաշվետվություններով: Իսկ բովանդակային տեսանկյունից հանրային արդյունավետության հարցը մնում է անկյունում մոռացված: Ու նաև զգալի առումով հենց այս քաղաքականության արդյունքն է այն, որ Հայաստանում այսօր չկա ազդեցիկ ընդդիմություն: Իհարկե, այս իրողության առաջին պատասխանատուն հենց ընդդիմությունն է, որը իր ռեսուրսները մասամբ կամ ամբողջությամբ, ուղղակի կամ անուղղակի դրեց «ռուսական գծի» տրամադրության տակ՝ վերածելով ընդամենը փոխարկելի արժույթի:
Պետք է նկատել սակայն, որ այս ամենն ըստ էության չի արժանացել հասարակական գիտակցության էական դիմադրության, հասարակության քաղաքացիական և քաղաքական ճաշակի համարժեք դիմադրողականության, որովհետև այդ ճաշակի ձևավորման հարցում գործընկեր հռչակված Եվրոպան բավարար առարկայությամբ չի մտահոգվել գործընկերության ռեալ արդյունքների մասին:








































