Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում պատասխանեց վերջին օրերին մամուլում անընդհատ շրջանառվող տեղեկություններին, թե իր անունով Կիպրոսի օֆշորային գոտում ընկերություն կա գրանցված:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում հրապարակում եղավ, թե Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերությունում Տ.Սարգսյանը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի հետ միասին բաժնետեր է: Վարչապետն այսօր հայտարարեց, որ ինքը որևէ կապ չունի այդ ընկերության հետ, որ Կիպրոսի օֆշորային գոտում բավականին հեշտ է որևէ մեկի անունով ընկերություն գրանցելը՝ չստանալով նրա համաձայնությունը:
«Սա համարում եմ անհեթեթություն, ես ինքս չեմ գրանցել օֆշորային գոտում ձեռնարկություն և որևէ մեկին լիազորություն չեմ տվել իմ անունից նման ձեռնարկություն գրանցել: Եթե ուզում ես մեկին վարկաբեկել, ապա սա հիասքանչ ձև է և հնարավորություն։ «Հայկական ժամանակ» օրաթերթը հարցադրում էր ուղղել, թե որտե՞ղ է ինքը եղել այն օրը, երբ գրանցվել է այդ ձեռնարկությունը` 2010թ. մայիսի 6ին։ Մանրակրկիտ հաշվետվություն եմ ներկայացրել հանրությանը` նույն թերթի միջոցով, որ պաշտոնական այցելությամբ գտնվել եմ Պրահայում, որ բազմաթիվ լրագրողներ եղել են ինձ հետ, րոպե առ րոպե գիտեն որտեղ եմ եղել… Միաժամանակ ես չէի կարող գտնվել Կիպրոսում կամ Պրահայից թռնել Կիպրոս և գրանցել այնտեղ ձեռնարկություն: Ես հանգիստ եմ վերաբերվում այսպիսի մեղադրանքներին, որովհետև սա ոչ վերջին մեղադրանքն է, ոչ էլ առաջին»,- ԱԺ-ում հայտարարեց Տ. Սարգսյանը։
Մինչ վարչապետը կպատասխաներ իր հետ կապված այս հարցին, այն պայթյուն առաջացրեց ՀՀ քաղաքական շրջանակներում՝ այն առումով, որ Տ. Սարգսյանը վերջին տարիներին անընդհատ խոսում է հրապարակային տնտեսական գործունեություն վարելու, պետական կառավարումը գործարարությունից տարանջատելու և տնտեսության ստվերային հատվածը հարկային դաշտ բերելու մասին: Այսքանից հետո օֆշորային գոտում գրանցված ընկերությունում բաժնեմաս ունենալը ոչ միայն հակասում էր վերը նշված սկզբունքներին, այլև ենթադրում է, որ սեփականատերերը ստվերային տնտեսական գործունեությամբ են զբաղված: Հայտնի է, որ օֆշորային գոտում ընկերություն գրանցելու հիմնական նպատակը եկամուտների, շրջանառության ու հարկերի իրական ծավալները թաքցնելն է և անօրինական ճանապարհով ստացած գումարները օրինականացնելը: Նման պայմաններում ՀՀ վարչապետի և բարձրաստիճան հոգևորականի գործունեությունը, եթե իսկապես այդպես է, լուրջ սկանդալային իրադարձություն կարող է համարվել ցանկացած երկրի համար:
Այս պատմությունը, սակայն, ի սկզբանե մի փոքր կասկածելի է այն առումով, որ եթե Տ. Սարգսյանն իրականում օֆշորային գոտում գրանցված ընկերության սեփականատեր է, ինչը տեսականորեն կարելի է չբացառել, ապա նա այնքան անհեռատես չէր կարող լինել, որ այն գրանցեր իր իսկ անվամբ և այն էլ՝ Ն. Կճոյանի հետ միասին: Ով՝ ով, բայց նա գոնե հասկանում է, որ չի կարող բացահայտ գործունեություն ծավալել այն դաշտում, որի մասին ինքն անընդհատ բացասական հրապարակային կարծիքներ է հայտնում: Իհարկե, ՀՀ և ոչ մի պաշտոնյա, այդ թվում՝ վարչապետը հեռու չէ բիզնես ունենալուց կամ հովանավորելուց, բայց նման դեպքերում հայտնի է, որ նրանք զերծ են մնում սեփականությունն իրենց անվամբ գրանցելուց:
Բացի այդ, վերը նշված հրապարակումից անմիջապես հետո Տ. Սարգսյանը հայտարարեց, որ դա կեղծ փաստաթուղթ է և դրա հանգամանքները պարզելու համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն: Այսինքն՝ ինչ-որ մեկը իր անձնագրային տվյալներն օգտագործելով իր անվամբ կեղծ ընկերություն է գրանցել օֆշորային գոտում: Ընդ որում՝ այդ տվյալների մեջ նույնպես սխալ նշում կար: Տ. Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտարարել էին, որ սխալ է նշված եղել բնակարանի համարը, իսկ փողոցի անունն էլ տառասխալով են գրել: Այսինքն՝ ինչ-որ մեկը Տ. Սարգսյանի մոտավոր տվյալներն օգտագործելով՝ նրա անվամբ ընկերություն է գրանցել, որը հետո պետք է օգտագործի նրա դեմ: Ավելի ուշ կարծիքներ շրջանառվեցին, որ ընկերությունը գրանցել է Ա. Սուքիասյանը, որպեսզի օգտագործի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի անունը և դրանով իր համար ավելի հեշտ գործունեության դաշտ ստեղծի:
Նախորդ օրերին մենք փորձեցինք պարզել, թե հնարավո՞ր է որևէ պաշտոնյայի տվյալներն օգտագործել և նրա անվամբ Կիպրոսում ընկերություն գրանցել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից կարելի է վերցնել ՀՀ ցանկացած պաշտոնյայի անձնագրային տվյալները, գրանցման հասցեն և այդ երկրի պետռեգիստրի կայքով ընկերություն գրանցել: Կիպրոսի համապատասխան պաշտոնյաների և մի քանի փաստաբանների հետ խորհրդակցելով նույնպես համոզվեցինք, որ չափազանց հեշտ է այդ երկրում ցանկացած մարդու անվամբ ընկերություն հիմնել: Հայտնի սկանդալի նյութերին ծանոթացած կիպրացի մասնագետները հավաստեցին, որ համապատասխան փաստաթղթերի պատճենի առկայության դեպքում ընկերության «հիմնադիր» անդամների հետ որևէ առնչություն չունեցող ցանկացած անձ կարող է նույնպիսի ընկերություն հիմնել ԵՄ անդամ այդ երկրում:






































