Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում սեր է խոստովանել լատինաամերիկացիներին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Թրամփի գրառումը նվիրված է եղել մայիսի 5-ին նշվող մեքսիկական ազգային տոնին՝ Սինկո դե Մայոյին, որն ակտիվորեն նշվում է նաև ԱՄՆ հարավային նահանգներում։ Այդ օրը նշվում է մեքսիկական ազգային խոհանոցի կերակերուրներով, ազգային երաժշտությամբ ու պարերով։
Թրամփը շնորհավորել է միկրոբլոգների ցանցի օգտատերերին և խորհուրդ տվել ուտել տակո՝ իրեն պատկանող Trump Tower Grill ռեստորանում։ Գրառմանը կցվել է լուսանկար, որում Թրամփը տակո է ուտում։
Ավելի վաղ նա բացասաբար էր արտահայտվել մեքսիկացիների հասցեին և խոստացել պատ կառուցել երկու երկրների սահմանին։ Նրա թվիթին անմիջապես արձագանքել է Հիլարի Քլինթոնը՝ մեջբերելով Թրամփի խոստումը ներգաղթյալներին արտաքսելու վերաբերյալ։ Թվիթում Քլինթոնն իսպաներենով հայտարարել է, որ Թրամփի արտաքին քաղաքականությունն անպատասխանատու է։









































