Google ընկերությունը պնդում է, որ ամերիկյան հատուկ ծառայություններին հասանելի չեն իրենց սերվերները՝ էլեկտրոնային նամակների և համացանցից օգտվողների մասին այլ տեղեկությունների ստուգման նպատակով: Ինչպես հայտնում է The Los Angeles Times-ը՝ երեքշաբթի Google-ը, Facebook-ն ու Microsoft-ը ԱՄՆ կառավարությանը կոչ են արել հրապարակել ազգային անվտանգությանը վերաբերող հարցումների հստակ թիվը:
Google-ի մամլո քարտուղար Քրիս Գեյզերը հայտարարել է, որ ամերիկյան իշխանություններին տեղեկություն փոխանցելու մասին դատական հրաման ստանալուց հետո կորպորացիայի ծրագրավորողները կիրառում են անվտանգ FTP-պրոտոկոլ՝ համացանցով կոդավորված ֆայլեր փոխանցելու համար: Նա նշել է, որ ԱՄՆ կառավարությունը այդ տեղեկություններն ուղիղ իրենց սերվերներից կամ ցանցից ստանալու հնարավորություն չունի:
«Մենք հրաժարվում ենք ազգային անվտանգությանը և այլ հարցերին առնչվող ծրագրերին մասնակցությունից, եթե պահանջվում է իշխանություններին հասանելիություն տրամադրել մեր համակարգերին կամ նրանց սարքերը տեղադրել մեր ցանցերում»,- ընդգծել է Google-ի ներկայացուցիչը:









































