Լեյբորիստական կուսակցությունը Մեծ Բրիտանիայի ՏԻՄ ընտրություններում թույլ արդյունքներ է գրանցում: Այս մասին են վկայում ընտրությունների միջանկյալ արդյունքները՝ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս ընտրությունները պետք է յուրատեսակ ստուգում լինեն Լեյբորիստական կուսակցության համար, որն անցած տարվա սեպտեմբերին գլխավորել է Ջերեմի Քորբինը: Նա հայտնի է իր բավական արմատական ձախ հայացքներով, որոնք դուր չեն գալիս ընտրողների մի մասին:
Ներկայումս հաշվարկվում են ընտրությունների արդյունքները, որոնք ավարտվել են տեղի ժամանակով ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով՝ 01:00-ին):
Լեյբորիստները չեն բարելավել իրենց արդյունքները 2012թ. տարածքային ընտրությունների համեմատ: Կուսակցությանն աջակցությունը նվազում է շատ քաղաքներում, այդ թվում՝ Սանդերլենդում և Նյուքասլում:
Լեյբորիստները խորհրդարանում թափուր տեղերի համար ընտրություններում պարտվել են Պահպանողական կուսակցությանը Իսթվուդ շրջանի արդյունքներով:
Չնայած աջակցության նվազմանը՝ Լեյբորիստական կուսակցությունն առայժմ պահպանում է բոլոր քաղաքային խորհուրդների վերահսկողությունը, որտեղ նրանք մեծամասնություն են կազմել:
Փորձագետները նաև նշում են, որ լեյբորիստներին աջակցությունը նվազել է Շոտլանդիայում, որտեղ առաջ են անցնում պահպանողականները:
Լիբերալ դեմոկրատները փորձում են վերականգնել իրենց դիրքերը, որոնք վերջերս լրջորեն թուլացել են: Միաժամանակ, լրջորեն աճել է աջակցությունը Միացյալ Թագավորության Անկախության կուսակցությանը, որը պնդում է ԵՄ կազմից երկրի դուրս գալու հարցում:
Երեկ անցկացվել են Շոտլանդիայի խորհրդարանի, Ուելսի Ասամբլեայի, Հյուսիսային Իռլանդիայի Ասամբլեայի, նաև 124 քաղաքային խորհուրդների, այդ թվում՝ Մեծ Լոնդոնի Ասամբլեայի ընտրություններ:
Ընտրվել են նաև մի շարք խոշոր քաղաքների՝ Լոնդոնի, Բրիսթոլի, Լիվերպուլի, Սոլֆորդի քաղաքապետներ: Ընտրվել են նաև Վեսթմինսթերում խորհրդարանի անդամների որոշ թափուր տեղերի պաշտոնյաներ, իսկ Անգլիայում և Ուելսում՝ նոր կոմիսարներ:










































