Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի գլխարկների հայտնի դիզայները Լոնդոնի կենտրոնում ավտովթարից մահացել է: Այս մասին հայտնում է Telegraph-ը:
Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ 96-ամյա Հերտա Գրոուվսը վերադառնալիս է եղել Wigmore Hall-ում համերգից: Հաղորդվում է, որ նրան բեռնատար է հարվածել, ինչի արդյունքում տուժածը տեղում մահացել է:
Պարբերականը նշում է, որ Գրոուվսը հիմնել է London Hat Company դիզայներական գլխարկների արտադրության ընկերությունը: Գրոուվսի հաճախորդների թվում են եղել արքունիքի և Եղիսաբեթ II-ի համար գլխարկների մատակարարները:
Գրովուսը երիտասարդ ժամանակ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կանանց օգնել է փրկվել նացիստական ռեժիմի պայմաններում: Նա իր ծնողների տունը օգտագործել է որպես դպրոց, որտեղ հրեա կանանց համար անցկացրել է «ինտենսիվ կուրսեր», որպեսզի նրանք կարողանան աշխատանքային վիզա ստանալ և մեկնել հիտլերականների օկուպացրած Վիեննայից: 19 տարեկանում Գրոուվսը ստիպված է եղել Վիեննայից փախչել Մեծ Բրիտանիա:







































