«Մագնիտսկու ակտը» չեղարկելու պահանջով Սպիտակ տան կայքում հրապարակված միջնորդագիրը 2 շաբաթում հավաքել է ավելի քան 109 հազար ստորագրություն:
Ուղերձը կայքում հրապարակվել է ապրիլի 23-ին: Քանի որ միջնորդագրին 30 օրից պակաս ժամկետում աջակցել է 100 հազարից ավելի մարդ, ԱՄՆ նախագահի վարչակազմը պարտավոր է այն քննարկել:
60 օրվա ընթացքում միջնորդագիրը բոլոր ստորագրածները պետք է պաշտոնական պատասխան ստանան ամերիկյան իշխանություններից:
Միջնորդագրի նախաձեռնողները հայտարարում են, որ օրենքն ընդունվել է Hermitage Capital-ի ղեկավար Ուիլյամ Բրաուդերի և ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու կողմից լոբբինգի արդյունքում: Հեղինակների խոսքով՝ «Մագնիտսկու ակտը» վարկաբեկում է ամերիկյան օրենսդրությունը և վնասում ԱՄՆ ազգային շահերին:
«Մագնիտսկու ակտը» ԱՄՆ-ում ընդունվել է 2012թ. դեկտեմբերի 14-ին: Ըստ այդմ՝ վիզային պատժամիջոցներ են սահմանվել ռուսների նկատմամբ, որոնք, կոնգրեսականների կարծիքով, կապ ունեն մարդու իրավունքների խախտումների հետ:









































