Թուրքական TGRT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի՝ սահմանադրական հանձնաժողովի նախագահ Բուրհան Քուզուն հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև գոյություն ունեն մի շարք տարաձայնություններ:
Քուզուն չի մանրամասնել, թե որոնք են դրանք, սակայն ընդգծել է, որ լիովին նորմալ է համարում տարաձայնությունների առկայությունն այնտեղ, որտեղ գոյություն ունի կառավարման խորհրդարանական համակարգ և ուժեղ նախագահ:
Քուզուն հավելել է, որ չնայած երկրի Սահմանադրությամբ սահմանափակված են նախագահի լիազորությունները՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամները պետք է կուսակցության քաղաքական կուրսի հարցում լսեն նախագահ Էրդողանին, քանի որ նա կուսակցության հիմնադիրներից մեկն է:
Քուզուն հայտարարել է, որ ԱԶԿ-ի արտահերթ համագումարը կանցկացվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:










































