Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ևս 6 ամսով Շենգենյան գոտու ներսում առանձին երկրների սահմաններին վերահսկողության գործողության երկարաձգմանը։ Այս մասին հայտնում է DW-ն։
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը հիմնավորել է նման որոշումը բարձր միգրացիոն ճնշմամբ, որը դեռևս առկա է ԵՄ արտաքին սահմաններին։
Այժմ իրենց սահմաններն են վերահսկում Շենգենյան գոտու 26 երկրներից 6-ը. Գերմանիան, Ավստրիան, Շվեդիան, Նորվեգիան և Դանիան այդ միջոցառմանն են դիմել փախստականների հոսքի, իսկ Ֆրանսիան՝ ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով։
Վերահսկողության գործողության երկարաձգմանը դեռևս պետք է հավանություն տան ԵՄ անդամ-երկրները։
Սահմանների մասին շենգենյան օրենսգիրքը թույլ է տալիս երկարաձգել սահմանային վերահսկողությունը 2 տարվա ընթացքում 4 անգամից ոչ ավելի։












































