Կանադայի արևմտյան Ալբերտա նահանգում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ։ Պատճառը կիրակի օրվանից մոլեգնող անտառային հրդեհներն են՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նահանգի հանրային հարցերով նախարար Դանիել Լարիվին հայտարարել է, որ միակ ավտոճանապարհին, որով անվտանգ շրջաններ են ուղևորվում առավել տուժած Ֆորտ-Մաքմյուրեյ քաղաքի բնակիչները, տեղի է ունեցել մարդկային զոհերով վթար։ Նա մանրամասներ չի ներկայացրել։
Պաշտոնյայի խոսքով՝ ներկա պահին աղետի գոտում ոչ ոք անհետ չի կորել։ Ավելի վաղ հաղորդվել էր զոհերի ու վիրավորների բացակայության մասին։ Իշխանությունները վերջին օրերին իրականացրել են 80 հազար բնակչություն ունեցող քաղաքի տարհանում։
Գործարկվել են բջջային հավելվածներ արտակարգ տվյալների համար, արտակարգ ծառայություններն օպերատիվ տեղեկատվություն են հրապարակում սոցցանցերում:







































