2013-ի գարնանային զորակոչն այսօր մեկնարկեց Հանրապետական հավաքակայանի մուտքի մոտ հավաքված ծնողներն անհանգիստ էին, թե ուր կտանեն իրենց որդուն՝ ծառայելու:
Արամ Անտոնյանը սպասում էր՝ իմանալու, թե ուր են զորակոչելու կնոջ եղբորը: Ավան վարչական շրջանի բնակիչ Արարատ Ղազինյանը երկու ամիս առաջ է կորցրել հորը, ավելի վաղ կորցրել էր նաև մորը: Երեք չափահաս քույր ունի, որոնցից երկուսն ամուսնացել են: Ինքը քույրերից մեկի հետ է ապրում։ «Ուղարկեցին պավեստկա, ասացին, որ պետք է ներկայանա վայենկոմատ, ասացինք, որ երկկողմանի ծնողազուրկ է, երկու ամիս առաջ հայրը մահացավ: Սկզբում ասացին, որ 50 կմ հեռավորության վրա կգցեն, հիմա էլ ասում են՝ կապ չունի, տանելու ենք մինչև 180 կմ հեռավորության վրա… Մենք անակնկալի եկանք»,- ասաց Արամ Անտոնյանը:
Նա նշեց, որ Արարատի հայրը նոր է մահացել և տղան մի փոքր ընկճված է: Բացի այդ, Արարատը տան միակ աշխատողն է: Քույրը 18 տարեկան է, հիմա ինչպե՞ս պետք է ապրի՝ լույսի՞, թե՞ գազի փող աշխատի։ «Հիմա ամեն ինչ այնպես է թանկացել, ո՞նց է անելու»,- իր տարակուսանքը հայտնեց Արամ Անտոնյանը:










































