Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովում վերսկսվեցին Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները: Նախորդ շաբաթ խորհրդարանում նախագիծը հաստատվեց առաջին ընթերցմամբ, և հիմա պետք է այն նախապատրաստվի երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Ձևական առումով նախագծի հեղինակները պետք է քննարկեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացված առաջարկները, այն առաջարկները, որոնք ընդունելի են՝ պետք է ներառվեն նախագծում, իսկ անընդունելիները մերժվեն:
Բոլոր խմբակցությունների համար էլ պարզ է, որ այս քննարկումը կրում է իմիտացիոն բնույթ, որովհետև իշխանությունների համար այս քննարկումը միջոց է ցույց տալու, որ իրենք պատրաստ են լսել ընդդիմության առաջարկները, բաց են քննարկման համար, փորձելու են ցույց տալ, որ ինչ-որ սրբագրական կամ խմբագրական հարցերում ընդունեցին ներկայացված առաջարկները, «և»-ը փոխարինեցին «ու»-ով և ընդունեցին, որ եթե հաջորդ բառը սկսվում է ձայնավորով, ապա «ը»-ի փոխարեն ճիշտ է «ն» գրել: Բայց սկզբունքային և ոչ մի հարցում զիջում չի եղել և չի էլ լինելու:
Երեկ քննարկման սկզբում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հենց այդպես էլ հայտարարեց, հիմնական հարցերում փոփոխություն չի լինելու: Հարությունյանը հիմնական հարց ասելով նկատի ուներ, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկության համակարգը:
ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն ասում է, որ իրենց պահանջը մնում է նույնը՝ Սահմանադրությանը համապատասխան պետք է սահմանվի համամասնական ընտրակարգ, որը այս օրենսգրքով չկա: Ըստ Մարգարյանի՝ այս Ընտրական օրենսգիրքը ակնհայտ հետընթաց է նախորդի համեմատ, քանի որ եթե նախկինում մեծամասնականով էին ընտրվում խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի մոտ 30 տոկոսը, ապա այս դեպքում այդ թիվը հասցված է 50-ի:
«Թող մեզ չասեն, որ դա համամասնական ընտրակարգ է, սա բացահայտ մեծամասնական ընտրակարգ է, քանի որ միայն մեծամասնականի դեպքում է, որ երկիրը բաժանվում է ընտրատարածքների, և ընտրողը յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրում է առանձին թեկնածուների: Համամասնականի դեպքում թեկնածուների ցուցակը պետք է լինի միասնական»,- ասում է ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:
Վերջինս ասում է, որ եթե իշխանությունները անգամ չհամաձայնվեն ամբողջովին հրաժարվել մեծամասնական ընտրակարգից, ապա իրենք առաջարկում են փոխզիջում, որպեսզի մեծամասնականով ընտրվող պատգամավորների թիվը նվազեցվի և 50-ից իջեցվի 15-20-ի: ՕԵԿ-ը շարունակում է պնդել նաև իր մյուս պահանջները՝ քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակում, ցուցակների մաքրում և հանրապետությունից բացակայող ընտրողների դիմաց հատուկ գրառում, կրկնակի քվեարկությունը բացառող մեխանիզմների ներդրում:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարում է, որ իշխանությունները չեն կատարել ընդդիմության կողմից ներկայացված որևէ իրական փոփոխություն: Քոքոբելյանը ևս Ընտրական օրենսգրքի ամենավտանգավոր դրույթը համարում է ռեյտինգային մեծամասնական ընտրակարգի ներդրումը՝ հայտարարելով, որ դրա կիրառման դեպքում իշխանությունը վերարտադրման երաշխավորված մեխանիզմ է ստանում:
Քոքոբելյանը վտանգավոր է համարում նաև ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածը, որն ըստ էության սահմանում է, որ կարող է ձևավորվել միայն մեծամասնության կառավարություն: Ըստ Քոքոբելյանի՝ սա ընտրողների կամքի ոտնահարում է, որովհետև եթե խորհրդարան անցած խմբակցությունները ձևավորում են կոալիցիա, որն ունենում է 55 տոկոս, ինչու պետք է նրանց արգելվի կառավարություն ձևավորել, և պարտադրվի, որ կառավարությունը ձևավորի միայն առաջին տեղը գրաված, բայց մեծամասնություն չունեցող կուսակցությունը: Տեսականորեն դա իսկապես այդպես է, բայց աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում և՝ խիստ ժողովրդավարական, նման սահմանափակում կա, որը արվում է քաղաքական համակարգը ցնցումներից զերծ պահելու համար:
Հետաքրքիր էր, որ երեկվա քննարկմանը մասնակցում էր նաև ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը, և երբ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ռեյտինգայինի հարցում զիջում չի լինելու, Ջհանգիրյանը արձագանքեց. «Դե դա պարզ է»: Եթե պարզ է, ապա ինչո՞ւ է ՀԱԿ-ը մասնակցում այդ քննարկմանը, թե՞ ՀԱԿ-ը, ինչպես միշտ, իշխանության համար ապահովում է ժողովրդավարական քննարկման մթնոլորտ: ՀԱԿ-ը հայտարարել էր, որ իրենք առկախում են իրենց մասնակցությունը Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին, քանի դեռ չկա կոնսենսուս իշխանության և ընդդիմության միջև: Ջհանգիրյանի մասնակցությունը երեկվա քննարկմանը արդյո՞ք նշանակում է, որ այդ կոնսենսուսը գոնե ՀԱԿ-ի և իշխանության միջև ձևավորվել է:
Փակ քննարկման ավարտից հետո էլ դրա մասնակիցները արձանագրեցին, որ իշխանությունները հակված չեն կատարել ընդդիմության կողմից ներկայացված որևէ հիմնարար առաջարկ: Չնայած դրան, ընդդիմությունը կարող է հերթական անգամ օգնել իշխանությանը ցույց տալու, որ Ընտրական օրենսգրքի այս նախագիծը մերժողների թիվը այնքան էլ մեծ չէ, և նույնիսկ չի հասնում մեկ տասնյակի, ինչպես դա եղավ առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ: Իշխանությունը, անշուշտ, հաշվի կառնի այդ ծառայությունները և դրա դիմաց կփոխատուցի ընտրությունների ընթացքում կամ դրանից հետո: Ի վերջո, ընդդիմադիրների կյանքը այս իշխանությունների օրոք այնքան էլ վատ չէ:
Լուսանկարը՝ armtimes.com-ի








































