Կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը, որը ողջ աշխարհով մեկ հայտնի էր դարձել ուղեծրում Դևիդ Բոուի Space Oddity հիթի կատարմամբ, հրաժարական է տալիս: Ինչպես հայտնում է The Globe and Mail-ը՝ Հեդֆիլդը Կանադայի տիեզերական գործակալությունում աշխատանքը կդադարեցնի հուլիսին:
«Ես կատարում եմ մոտ 30 տարի առաջ կնոջս տված խոստումը: Այո, վերջիվերջո մենք վերադառնում ենք Կանադա»,- ասել է նա: Ինչպես նշում է թերթը, ողջ այս տարիներին Հեդֆիլդների ընտանիքի համար տուն է եղել Տեխասի Հյուսթոն քաղաքը:
Նա նշել է, որ անհամբերությամբ սպասում է կյանքի հաջորդ փուլին: Հեդֆիլդի խոսքով՝ ինքը դեռևս չի որոշել, թե ինչով կզբաղվի պաշտոնաթողությունից հետո: Առաջիկա տարում նա մտադիր է զեկույցներով հանդես գալ տիեզերքի մասին: Նա հույս ունի այդ ժամանակ հասկանալ, թե որն է լինելու իր հաջորդ քայլը:








































