Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) Հնագիտության Քոթսեն ինստիտուտը երկու միլիոն դոլար է ստացել համալսարանի շրջանավարտ Զարուհի Սառա Չիթջյանի կողմից ՝ հիմնելու հայկական հնագիտության և ազգագրության առաջին մշտական հետազոտական ծրագիրը խոշոր ամերիկյան համալսարանում: Այս մասին հաղորդվում է համալսարանի կայքում:
Շրջանավարտը ինստիտուտին է նվիրել նաև 1915-23թթ. հետո Հայաստանի և հայկական սփյուռքի պատմությանն ու նյութական մշակույթին առնչվող գրքեր, փաստաթղթեր ու նմուշների հավաքածու:
Զարուհու ծնողների՝ Համբարձումի և Օվսաննայի պատվին անվանակոչված կարևոր հավաքածուն իր տեղը կգտնի ինստիտուտում և կթվայնացվի՝ ողջ աշխարհի գիտնականներին հասանելի դառնալու համար:
Գրեգորի Արեշյանը, որը ինստիտուտի տնօրենի օգնականն է, նշանակվել է հետազոտական ծրագրի տնօրեն:
Ծրագրի շրջանակում կանցկացվեն սեմինարներ և համաժողովներ՝ նվիրված հայ հնագիտության, մարդաբանության, ազգագրության, պատմության ու պատմական Հայաստանի ու հայկական սփյուռքի մշակութային ժառանգության պահպանության թեմաներին:
Նշենք, որ Զարուհին, որը թոշակառու ուսուցչուհի է, իր բակալավրի աստիճանը մանկական հոգեբանության ոլորտում ստացել է հենց այս համալսարանում: Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել աշխատանքի, հայկական հարցերի, Հայաստանի անցյալի ու ներկայի հանդեպ իր նվիրվածության համար:









































