Հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂ հիմնահարցի կարգավորման փոխկապակցվածությունը ձևավորել է հենց Հայաստանը` ամրագրելով Ցյուրիխյան արձանագրությունները: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ելույթին, թե՝ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը փոխկապակցված են, և այդ երկու գործընթացներն իրարից առանձին չպետք է դիտարկել: Օրերս այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ իր կարծիքն էր հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կողմեր անվանելով նաև Թուրքիային և Իրանին:
Նա նշեց, որ դեռ վաղուց է ասել՝ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները կհանգեցնեն նրան, որ Թուրքիան ժամանակի ընթացքում կընկալվի որպես Ղարաբաղյան հակամարտության կողմ: Ըստ նրա` տրամաբանությունը շատ պարզ է:
«Հայ-թուրքական հարաբերություններն ունեին կարգավորման երեք խնդիր` սահմանների ճանաչում, հրաժարում Ցեղասպանության հետապնդումից և Ղարաբաղյան հարց: Առաջին երկուսը մենք արդեն տվել էինք Ցյուրիխյան արձանագրություններով, մնում էր երրորդ հարցը: Բնականաբար, պետք էր կենտրոնանալ հենց այդ երրորդ կետի վրա, որպեսզի հարցը լուծվեր, կարգավորվեին հայ-թուրքական հարաբերությունները: Հետևաբար վերջին հայտարարությունները պետք է դիտարկել հենց այս տրամաբանության մեջ. կկարգավորվի՞ ԼՂ հակամարտությունը՝ կկարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները:
Այդ փոխկապակցությունը մենք ենք ստեղծել և դա ամրագրել ենք Ցյուրիխյան արձանագրություններով: Թե ինչու մենք դրան գնացինք՝ ես այդպես էլ չհասկացա: Եթե մենք չստորագրեինք Ցյուրիխյան արձանագրությունները, այս օրվան չէինք հասնի»,- մեկնաբանեց Արա Պապյանը:
Վերջինիս համոզմամբ` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս բանակցային փուլից դատելով՝ կարելի է ասել, որ ավելորդ են խոսակցությունները հակամարտող կողմերի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին: Ա. Պապյանի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, անթաքույց, բացահայտորեն պատրաստվում են պատերազմի:
«Նախկինում գոնե բանակցային գործընթացն ինչ-որ շղարշ էր հանդիսանում, իսկ հիմա երկու կողմերն էլ արդեն բացահայտ խոսում են այդ մասին: Կողմերից յուրաքանչյուրն ակնկալում է, որ մինչև պատերազմ սկսելը հակառակորդ երկիրը ներքին ցնցումներից կկործանվի:
Ամեն դեպքում կողմերը և ղեկավարները պատերազմ չեն ցանկանում. ստեղծվել է մի իրավիճակ, երբ այնպիսի տպավորություն է, թե չեն ցանկանում, բայց տրամաբանությունն է դրան տանում: Երկու կողմերն էլ երկար ժամանակ ձև են արել, թե ուզում են հարցը լուծել:
Մենք ի սկզբանե էլ գիտեինք, որ ցանկացած հողային զիջում կմոտեցնի պատերազմը: Ակնկալիքն այն էր, որ ադրբեջանական կողմը չի համաձայնի՝ լինելով ավելի մաքսիմալիստ, բայց այս տրամաբանությունը ևս իրեն սպառել է, որովհետև Ադրբեջանը զուտ ներքին պատճառներից ելնելով՝ խոսում է պատերազմի մասին, և փակ շրջանի մեջ է հայտնվել հատկապես ադրբեջանական կողմը` խոսում է պատերազմի մասին, պատերազմական վիճակը սրվում է ավելի, իսկ հոգեբանական վիճակը բերում է հռետորաբանության սրացման»,- ասաց Արա Պապյանը:










































