2015 թ սեպտեմբերին Լաս Վեգասում ԱՄՆ ընթացած աշխարհի առաջնությունում, ապա այս տարվա ապրիլի 15-17-ը Սերբիայում` Եվրոպա աշխարհամասի վարկանիշային և ապրիլի 20-22-ը Մոնղոլիայում անցկացված համաշխարհային վարկանիշային 1-ին մրցաշարերում Հայաստանի ըմբիշներին ընդհանուր առմամբ հաջողվել է օլիմպիական 7 ուղեգիր նվաճել: Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեկան ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականից անդամերը օլիմպիական 6 քաշային կարգերից 4-ում արդեն նվաճել են օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը:
Օգոստոսի 5-21-ը Ռիո Դե ժանեյրոյի (Բրազիլիա) ամառային օլիմպիական 31-րդ խաղերում հանդես գալու պատվին հունահռոնկան ոճի մեր ըմբիշներից արդեն արժանացել են 2012 թ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2014 թ աշխարհի չեմպիոն, 2009 թ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), 2012 թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), 2015 թ Եվրոպայի մարզական 1-ին խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը (66 կգ) և բոլորովին վերջերս Մոնղոլիայի վարկանիշային մրցաշարում իրեն գերազանց դրսևորած Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):
Այս ոճում ՀՀ պատվիրակները առայժմ օլիմպիական ուղեգիր դեռ չեն նվաճել միայն 59 կգ և գերծանր՝ 130 կգ քաշային կարգերում: Ըմբիշների համար Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը կլինի մայիսի 6-8-ը Ստամբուլում (Թուրքիա) տեղի ունենալիք ըմբշամարտի համաշխարհային օլիմպիական վարկանիշային 2-րդ մրցաշարում՝ 2nd OG World Qualifying Tournament-ում, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում օլիմպիական ուղեգիրը բաժին կհասնի միայն եզրափակիչ մտած ըմբիշներին: Հունահռոմեական ոճի մեր ըմբիշներից մարզչական խորհրդի որոշմամբ կմասնակցի միայն բազմափորձ ու տիտղոսակիր Ռոման Ամոյանն (59 կգ), ով Ստամբուլում ելույթ կունենա մարզիչներ Սամվել Գևորգյանի և Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ: Նրանք մրցավայրում կլինեն մայիսի 4-ին: Գերծանր՝ 130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:
Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ հանդես եկող ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի անդամներից վերոհիշյալ օլիմպիական վարկանիային մրցաշարերում օլիմպիական ուղեգրերի են արժանացել 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն, Գառնիկ Մնացականյանը (59 կգ) և ՀՀ ընտրանու կազմը բոլորովին վերջերս համալրած, 97 կգ քաշային, 30-ամյա Գեորգի Կետոևը, ով 84 կգ քաշային կարգում 2008 թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2007 թ աշխարհի չեմպիոն, 2007 և 2008 թթ Եվրոպայի չեմպիոնն է, իսկ 2009 թ 96 կգ քաշային կարգի Եվրոպայի փոխչեմպիոն է:
Ինչպես տեղեկացրեց Բաղդադյանը, Ստամբուլում ազատ ոճի ՀՀ ընտրանու անդամներից 3-ը՝ 2013 թ աշխրահի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), 2014թ Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանն (74 կգ) ու 86 կգ քաշային, Եվրոպայի առաջնությունների կրկնակի փոխչեմպիոն (2011 թ և 2013 թ) և 2014 թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մուսա Մուրտազալիևը կփորձեն ավելացնել այս մրցաձևում ՀՀ պատվիրակների նվաճած օլիմպիական ուղեգրերի քանակը: Նրանց ելույթները Բաղդադյանի հետ միասին կղեկավարեն ՀՀ հավաքականի մարզիչներ Հովսեփ Հովսեփյանն ու Հաբեթնակ Կուրղինյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ընտրանու պատվիրակությունը Ստամբուլ կժամանի մայիսի 7-ի առավոտյան: Ըստ ստամբուլյան մրցաշարի ժամանակացույցի՝ մայիսի 4-ին տեղի կունենա մրցաշարին մասնակցող պատվիրակությունների ժամանումը: Մայիսի 5-ին Թուրքիայի ժամանակով ժամը 14:15 -14:45-ը կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի վեց՝ 59, 66, 75, 85, 98 և 130 կգ քաշային կարգերի մասնակիցների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Մայիս 6-ի առավոտյան մրցահերթում Թուրքիայի ժամանակով ժամը 10-15-ը տեղի կունենան հունահռոմեկան ոճի ըմբշամարտի բոլոր 6 քաշային կարգերի որակավորման և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Ժամը 17:30-18:00-ն կընթանա ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը: Երեկոյան մրցահերթոււմ ՝ ժամը 18-20-ը կանցկացվեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցման 6 քաշային կարգերի եզրափակիչները:
Մայիսի 7-ին օլիմպիական ուղեգրեր կխաղարկվեն կանանց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում: Նույն օրը ժամը 17:15-17:45-ը կկայանա տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի վեց՝ 57, 65, 74, 86, 97 և125 կգ քաշային կարգերի մասնակիցների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Մայիսի 8-ին՝ մրցաշարի եզրափակիչ օրն առավոտյան մրցահերթում, Թուրքիայի ժամանակով ժամը 10-15-ը տեղի կունենան ազատ ոճի ըմբշամարտի բոլոր 6 քաշային կարգերի որակավորման և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Իսկ երեկոյան մրցահերթոււմ՝ ժամը 18-20-ը կանցկացվեն ազատ ոճի ըմբշամարտի մրցման 6 քաշային կարգերի եզրափակիչները, մրցանակակիրների պարգևատրման և մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունները: Մայիսի 9-ին ստուգատեսին մասնակցած պատվիրակությունները կվերադառնան իրենց երկրները:









































