Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենը իր դստեր՝ ներկայումս կուսակցությունը գլխավորող Մարին Լե Պենի համար պարտություն է կանխատեսել առաջիկա նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
2015թ. օգոստոսին Ժան-Մարի Լե Պենը հեռացվել է իր ստեղծած կուսակցությունից Մարին Լե Պենի հետ վեճից հետո, որն «Ազգային ճակատը» գլխավորում է 2011 թվականից: 2016թ. փետրվարին Մարին Լե Պենը հայտարարել է 2017թ. Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրվելու իր որոշման մասին:
«Ես սա տխրությամբ և ծանր սրտով եմ ասում, բայց քանի որ (նրա կողմից) հաշտեցման ոչ մի փորձ չի եղել, «Ազգային ճակատից» թեկնածուն կպարտվի երկրորդ փուլում, հնարավոր է՝ նաև առաջինում»,- հայտարարել է Ժան-Մարի Լե Պենը:
Գործակալությունը նշում է, որ Մարին Լե Պենի և «Ազգային ճակատի» ժողովրդականությունը Ֆրանսիայում աստիճանաբար աճում է. Եվրախորհրդարանում վերջին ընտրություններում կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 25,4%-ը: Այդուհանդերձ, մի շարք հարցումների արդյունքներով՝ որպես նախագահի թեկնածու Մարին Լե Պենը զիջում է իր գլխավոր մրցակցին՝ խոշորագույն ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեն Ժյուպեին:












































