Մեծ Բրիտանիան պաշտպանելու է իր շահերը ԵՄ կառույցներում, բայց պետք է պահպանի անդամակցությունը ԵՄ-ում, որպեսզի ամրապնդի այդ միության միջազգային դիրքերը: Նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Երկուշաբթի վարչապետը հանդես է եկել ելույթով, որը նվիրված է եղել բրիտանական արտաքին քաղաքականությանը և «Մեծ ութնյակի» առաջիկա վեհաժողովին:
«Ես հույս ունեմ, որ այդ երկարատև բանակցություններից հետո բրիտանացիները կհամաձայնեն մնալ ԵՄ կազմում: Բանն այն է, որ նման միջազգային կառույցները սահմանում են առևտրի կանոնները, հարկատվությունը: Իսկ երբ մեր երկրի նման երկիրը ամբողջությամբ կախված է այդ կանոններից, ես կխնդրեի ձեր կարծիքը հայտնել (դիմել է Մեծ Բրիտանիայի բնակչությանը): Մենք՝ երկրի իշխանությունները, պատրաստ ենք պաշտպանել մեր երկրի շահերը ԵՄ-ում և գնալ որոշակի գործողությունների՝ չսահմանափակվելով միայն խոսքերով»,- նշվում է Քեմերոնի ելույթում:
Վարչապետի խոսքերով՝ Մեծ Բրիտանիան պետք է կրճատի ԵՄ-ին տրամադրվող միջոցները և դադարեցնի մասնակցությունը տնտեսական ճգնաժամ ապրող ԵՄ երկրների աջակցության ծրագրին:







































